Երեկ երեկոյան հակառակորդը կրկին կրակոցներ է արձակել Արցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից:
«Սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախավորվել ու հրազենային կրակոցներ են արձակվել հիշյալ համայնքի բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակները վնասել են տների պատերի արտաքին մասերը, իսկ գնդակներից մեկը խոցել է բնակիչներից մեկի բնակարանի պատուհանը և թափանցել ներս։ Դեպքից անմիջապես հետո հետաքննության մարմնի աշխատակիցները մեկնել են Թաղավարդ համայնք և փաստագրել հանցագործության հետևանքներն ու ամրագրել ապացույցները։ Դեպքի մասին դատախազության կողմից հաղորդվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին, ինչպես նաև փոխանցվել են դեպքի նախնական ապացույցները»,- հայտնում են դատախազությունից։
Հիշեցնենք, որ Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակոցներ էին արձակվել նաև փետրվարի 11-ին։