Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստով քննարկում էր Ադրբեջանի և Թուրքիայի վավերացրած «Շուշիի հռչակագիրը» դատապարտող «Հայաստան» խմբակցության հայտարարությունը, սակայն, ՔՊ-ն հայտարարեց, որ չի միանա «Շուշիի հռչակագիրը» դատապարտող ընդդիմության հայտարարությանը:
Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ, որը նշեց՝ այսօր ՔՊ-ն իր դիրքորոշմամբ փաստեց, որ համակերպվել է թուրքական նախապայմանների հետ և ամբողջովին շարժվում է այդ նախապայմանների տրամադրության հիման վրա. «Այն հակահայ փաստաթուղթը, որը Շուշիում ընդունվել է 2 երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, ուղղակի ագրեսիվ քաղաքականություն է»,- ընդգծեց պատգամավորը:
Վերջինս վստահ է, որ ՔՊ-ն պատկերացնում է «Շուշիի հռչակագրի» ընդունման հետևանքները. «ՔՊ-ն ամեն ինչ հասկանում է, պարզապես, լռելայն թուրքական նախապայմաններն է սատարում»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ փետրվարի 23-ին արտահերթ նիստ են ունենալու:
Հիշեցնենք, որ Շուշիի հռչակագիրը ստորագրվել էր 2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում՝ Իլհամ Ալիևի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից:
Զվարթ Պետրոսյան