Մեկ ամիս շարունակ առողջապահության նախարարությունում կադրային որոշում չեն հաջողում կայացնել՝ դեռևս թափուր է նախարարի տեղակալի պաշտոնը: Պատճառն էլ թերևս այն է, որ ՔՊ-ի ներսում բավականին լուրջ աժիոտաժ է առաջացել, և պաշտոնը զբաղեցնել ցանկացողների պակաս չի նկատվում:
Մամուլը գրել էր, որ նախարար Անահիտ Ավանեսյանը պատրաստվում է այդ պաշտոնին նշանակել իր ընկերուհուն՝ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանին։ Վերջերս լուրեր տարածվեցին, որ ԱԱԾ աշխատակիցները մտել են նախարարի ընկերուհու՝ նրա կողմից նշանակված աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանի աշխատասենյակ, ուսումնասիրել նրա համակարգիչը եւ տարել են Գրիգորյանի էլեկտրոնային նամակագրությունը: Ստուգումների առիթը եղել են էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգում կատարված գրառումները, իսկ ավելի ստույգ՝ Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետ Ծաղիկ Վարդանյանի գրառումը: Վարդանյանը, ըստ այդ լուրերի, «Mulberry» համակարգում գրառում է արել, որտեղ նշել է, որ ինքը չի մասնակցել պետպատվերի բաշխմանը՝ «Բժշկական օգնություն-սպասարկում» հոդվածներով: Փաստորեն, հիվանդանոցներին եւ պոլիկլինիկաներին տրամադրվող գումարների բաշխումն իրականացրել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդուհի Գրիգորյանը, որը նախարարի ամենահավատարիմ մարդն է համակարգում և զարմանալի չէ, որ հենց նրան է Ավանեսյանը ցանկանում տեսնել իր տեղակալ:
Սակայն, նախարարի տեղակալի պաշտոնի հավակնորդների թվում են նաև նախկին նախարար Արսեն Թորոսյանի մտերիմները: Թորոսյանը, ով դեռ որոշակի ազդեցություն և լծակներ ունի նախարարությունում, ցանկանում է ամրապնդել դիրքերը: Նախարարի տեղակալի նրա թեկնածուն, ըստ որոշ լուրերի, Թագուհի Ստեփանյանն է:
Մնում է սպասել և հասկանալ, թե ինչով կավարտվի նախկին և ներկա նախարարների միջև ընթացող կադրային մինի-մենամարտը և ի վերջո ում կողմը կբռնի Նիկոլ Փաշինյանը: Իսկ վերջերս հաճախ է խոսվում այն մասին, որ առնվազն Թորոսյանի հանդեպ վարչապետը վստահությունը կորցրել է: Սակայն Ավանեսյանի դեպքում էլ ամեն բան հարթ չէ, քանի որ հենց Փաշինյանի հրահանգով էր ՊՎԾ-ն նախարարությունում ստուգումներ սկսել: