Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ շատ կարեւոր արձանագրում է տեղի ունեցել Հայաստանի համար եւ որ մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն բնորոշվում է ոչ թե «ընտրական ավտորիտարիզմ» տերմինով, այլ որպես «ընտրական ժողովրդավարություն»: Այս մասին, ըստ Փաշինյանի, տեղեկանում ենք «Varieties of Democracy» ինստիտուտի հրապարակած 2022 թվականի ժողովրդավարության զեկույցից, որը կրում է «Ավտորիտարիզմը փոխում է իր բնույթը» խորագիրը:
Նիկոլ Փաշինյանը այստեղ, ըստ էության, դիմում է փոքրիկ խորամանկության, եթե կուզեք՝ մանիպուլյացիայի, որը գուցե և ներելի է երկրի ղեկավարին, ով փորձում է ցանկալին իրականության տեղ ներկայացնել: Ավելի ճիշտ՝ Փաշինյանը իրականությունն է ներկայացնում, սակայն ոչ ամբողջը, այլ միայն իրականության այն մասը, որը ձեռնտու է իրեն և թիմին:
Դիցուք՝ Փաշինյանը բառ անգամ չի ասել այն մասին, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նախորդ տարի հրապարակել է «Ազգերն անցումային շրջանում 2021» զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը ժողովրդավարության անկում է գրանցել: «Ավտորիտար կառավարման գլոբալ աճ» անունը կրող զեկույցում էլ կառույցը հայտնում է, որ տարեվերջին ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված քրեական գործերը մտավախություն առաջացրեցին, որ երկրում ժողովրդավարության վիճակը մնում է անկայուն:
Ահա այս երկու զեկույցների մասին է, որ լռում է Փաշինյանը՝ նախընտրելով խոսել միայն իրեն ցանկալի իրականության մասին, որտեղ ամեն բան աննախադեպ է և պատմական...