Կիևի մոտ զոհվել է ամերիկյան Fox News հեռուստաալիքի օպերատոր Պիեռ Զակրժևսկին, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով հեռուստաալիքի լրագրողներից մեկի հայտարարությանը։
Ըստ Fox News-ի՝ մարտի 14-ին 55-ամյա Զակրժևսկին աշխատում էր թղթակից Բենջամին Հոլի հետ Կիևի մերձակայքում գտնվող Գորենկա գյուղում։ Մեքենան, որով նրանք երթեւեկում էին, կրակի տակ է ընկել: Արդյունքում թղթակիցը վիրավորվել է, իսկ օպերատորը մահացել։
Լրագրողի մահը հաստատել է նաեւ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների մեկ այլ զոհ է դարձել ուկրաինացի լրագրող Ալեքսանդրա Կուվշինովան։ Նա Fox News-ի նկարահանող խմբի կազմում էր:
Ավելի վաղ Իրպինում մահացել էր ամերիկացի վավերագրող, լրագրող Բրենթ Ռենոն, ով նախկինում համագործակցում էր The New York Times-ի հետ։