Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ապաստան է առաջարկել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Այս մասին նա գրել է տելեգրամյան իր ալիքում։
«Զելե՛նսկի, քո հետախուզական ծառայությունները քեզ խորհուրդ տվել են փախչե՞լ Ուկրաինայից: Այդպիսի խորհրդականներ չես ցանկանա անգամ քո թշնամուն, և ես սա ասում եմ առանց հեգնանքի։ Այսինքն՝ նրանք խորհուրդ են տվել առաջինը փախչել խորտակվող նավից։
Ավելի լավ է՝ լսես, թե ինչ են քեզ խորհուրդ տալիս հարևան երկրների ղեկավարները։ Ռուսաստանի հետ միասին՝ մաքրի՛ր Ուկրաինան տարբեր ավազակներից, և ապա միասին կերտեք ծայրահեղականությունից զերծ պետություն, դադարի՛ր լինել Ամերիկայի և ՆԱՏՕ-ի խամաճիկ, դառնալ կամային նախագահ՝ սեփական «երկաթե կարծիքով»։ Դու տեսնում ես, որ այս իրավիճակը քեզ համար լիովին անհասկանալի է, ուստի համաձայնի՛ր Ռուսաստանի նախագահ Վ.Վ.Պուտինի բոլոր առաջարկներին՝ հանդիպելով նրա հետ, և վերջապես լուծի՛ր այս հարցը խաղաղ ճանապարհով։ Վլադիմիր Վլադիմիրովիչի առաջարկած պայմանները փոխշահավետ են և արդյունավետ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ մեր առաջնորդը միշտ աջակցում է Արևմուտքի կեղտոտ քաղաքականության զոհ դարձած երկրներին և նրանց դարձնում ռազմավարական դաշնակիցներ։ Նա կաջակցի նաև Ուկրաինային»,֊գրել է Կադիրովը։
«Եթե դու չես ցանկանում պատմության մեջ մտնել՝ որպես նախագահ, ով բնավորության թուլության և կարճատեսության պատճառով չի կարողացել դիմակայել ներքին սպառնալիքին և արտաքին սադրիչներին, երկրի խնդիրներին և օտար արևմտյան գաղափարախոսությանը, ապա պետք է սպանել այդպիսի խորհրդականներին՝ որպես երկրի դավաճանների: Նման գերագույն հրամանատարին հարիր չէ նախ թաքնվել ռազմական գործողություններից հարյուրավոր կիլոմետրեր հեռու ապաստարաններում, իսկ հետո խայտառակ կերպով լքել իր երկիրը և ժողովրդին։ Եվրոպայում ամոթ չէ կորցնել քաջությունը։ Իսկ իրական կյանքում տղամարդը պետք է տղամարդ մնա մինչև վերջ։
Դու խելացի մարդ ես թվում, ի՞նչ է պատահել քեզ հիմա: Թույլ մի՛ տուր քեզ մղել անհեռանկար գաղափարների։ Միացրո՛ւ սթափ գլուխը: Շրջվի՛ր դեպի Ռուսաստանը և պատմության մեջ կմնաս՝ որպես իր ժողովրդին փրկած խաղաղարար։
Եթե դու անհանգստանում ես քո կյանքի համար, ես պատրաստ եմ դիմել Վլադիմիր Վլադիմիրովիչին՝ քեզ ապաստան առաջարկելու Չեչնիայի Հանրապետությունում։ Մի վախեցիր, մենք կփրկենք քո դեմքը։ Եվ ամենակարևորը՝ ՔԵԶ ՈՉ ՈՔ ՉԻ ԳՏՆԻ»,֊գրել է Կադիրովը: