«Կինդեր» շոկոլադե ձվեր ներկրող «Սլավ գրուպ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«ՀՀ ՍԱՊԾ կողմից «Կինդեր» շոկոլադե ձվերի ներմուծման ժամանակավոր արգելքի հետ կապված՝ «Սլավ գրուպ» ՓԲԸ—ն հարկ է համարում տեղեկացնել, որ շոկոլադի՝ Հայաստան ներմուծված խմբաքանակում սալմոնելայով վարակվելու որևէ դեպք այս պահի դրությամբ, չի արձանագրվել և վարակն արձանագրվել է եվրոպական մի քանի երկրում։ Կինդեր շոկոլադի այն տեսակները, որոնք ներմուծվում են ՀՀ «Սլավ գրուպ» ՓԲԸ-ի կողմից, բոլորն անվնաս են, անվտանգ են՝ բացառությամբ մեկ տեսակի, որի վաճառքը և տարածումը ՀՀ շուկայում արդեն իսկ կասեցված է։
Հայտնում ենք, որ գտնվում ենք մշտական կապի մեջ ինչպես Սննդամթերքի անվտանգության պաշտպանության ծառայության, այնպես էլ շոկալադն արտադրող մեր գործընկերների հետ։
«Սլավ գրուպ» ՓԲԸ-ն վերահաստատում է, որ ազգաբնակչության սննդային անվտանգությունը մեզ համար գերագույն արժեք է, ուստի ընկերությունը ևս շահագրգիռ է փորձաքննության իրականացման հարցում։ Այս պահին Հայաստանում իրականացվում է շոկոլադե արտադրանքների նմուշների փորձաքննություն, որի արդյունքի մասին կհայտնենք առաջիկայում», ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ «Կինդեր»-ի ներմուծումը ժամանակավորապես կարգելվի։