Գերմանիայի փոխկանցլեր, տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը դեմ է արտահայտվել ռուսական գազի մատակարարումների վրա էմբարգոյի սահմանմանը, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Ռուսական բնական գազի վրա անհապաղ էմբարգոն կվտանգի սոցիալական խաղաղությունը Գերմանիայում», - ասել է նա Funke մեդիա խմբի շաբաթ օրը հրապարակված հարցազրույցում։ «Այսպիսով, մենք պետք է խոհեմ գործենք, զգույշ պատրաստենք քայլեր և կարողանանք հավատարիմ մնալ դրանց, եթե ցանկանում ենք վնասել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին», - պնդել է Հաբեկը:
«Մենք ակտիվորեն աշխատում ենք Ռուսաստանի էներգիայի աղբյուրներից անկախություն ձեռք բերելու ուղղությամբ»,- ասել է նախարարը՝ կարծիք հայտնելով, որ Գերմանիայի իշխանությունները «շատ լավ առաջընթաց են գրանցել Ռուսաստանից ածուխից և նավթի ներկրումից կախվածությունը նվազեցնելու հարցում»։ «Ինչ վերաբերում է գազին, ապա ինտենսիվորեն կառուցվում են հեղուկացված բնական գազի ընդունման տերմինալներ»,- ասել է նա։
Փոխկանցլերը հիշեցրել է, որ Գերմանիայի սեփական գազի հանքավայրերը, որտեղ կարելի է կապույտ վառելիք արտադրել ավանդական եղանակով, «հիմնականում սպառված են»։