ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոր մտահոգություն են հայտնել միջազգային անվտանգության ոլորտում բարդացող իրավիճակի առնչությամբ: Այդ կապակցությամբ կողմերը մտադիր են հետագայում ևս ամրապնդել փոխգործակցությունը տվյալ ոլորտում բացասական միտումներին հակազդելու նպատակով, ասված է համատեղ հայտարարության մեջ:

«Առաջնորդները ելնում են նրանից, որ ոչ մի պետություն, միություն կամ կոալիցիա չեն կարող և չպետք է ապահովեն իրենց անվտանգությունն այլ պետությունների անվտանգության հաշվին: Նշում են սպառազինությունների վերահսկման ճարտարապետության ոչնչացման և ի վնաս այլոց անվտանգության միակողմանի ռազմական առավելություններ ստանալու նպատակով գործողությունների անթույլատրելիություն, ինչը խաթարում է հավասար և անբաժանելի անվտանգության հիմնարար սկզբունքը, հանգեցնում հակասությունների և առճակատման: Կողմերն ընդգծեցին միջազգային ահաբեկչությանը՝ բոլոր ձևերով և դրսևորումներով, վերջինիս հետ կապված ծայրահեղականությանը, թմրանյութերի, զենքի, սպառազինությունների և պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառությանը հակազդելու, անդրազգային կազմակերպված հանցավորությանը, ինչպես նաև երկու երկրների անվտանգության այլ մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու նպատակով համատեղ ջանքերի, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսական սնուցման աղբյուրների և ուղիների արգելափակման ջանքերի ուժեղացման պահանջված լինելը»,-ասվում է հայտարարության մեջ։

Փաշինյանը և Պուտինը նաև մտահոգություն են հայտնել նաև մի շարք երկրների կողմից միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման կապակցությամբ:

Կողմերը մտադրություն են հայտնել միասին հաղթահարել նշյալ միջոցներով պայմանավորված մարտահրավերները, այդ թվում՝ երկու երկրների պարենային և էներգետիկ անվտանգության, լոգիստիկայի և այլ բնագավառներում:

«ՌԴ և ՀՀ առաջնորդները մտահոգություն են հայտնել նաև հակաիրավական և վնասակար գործողությունների իրականացման, պետությունների ներքին գործերին միջամտելու և նրանց սուվերենությունը խաթարելու նպատակով ժամանակակից տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների օգտագործման աճող միտման կապակցությամբ:

Ընդգծեցին միջազգային տեղեկատվական անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության ամրապնդման նշանակությունը: Հաստատեցին տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում, նախևառաջ ՄԱԿ-ում, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ կառուցողական փոխգործակցություն իրականացնելու նպատակադրությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Կողմերը, պահպանելով ընդհանուր անցյալի նկատմամբ միասնական մոտեցումները, մտադրություն են հայտնել շարունակել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության խեղաթյուրման դեմ պայքարը: Պայմանավորվեցին մեծացնել ռասիզմի, այլատյացության, նեոնացիզմի, ինչպես նաև ազգային, լեզվական կամ կրոնական խտրականության, այդ թվում Հայաստանում և Ռուսաստանում բնակվող քաղաքացիների և հայրենակիցների իրավունքներին և օրինական շահերին առնչվող ցանկացած դրսևորումներին հակազդելու ուղղությամբ ջանքերը:

Առաջնորդները նաև նշել են հավատարմությունը Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության սկզբունքներին և նպատակներին համապատասխան համընդգրկուն, իրավահավասար և ներկայացուցչական միջազգային համակարգի զարգացմանը՝ ուղղված խաղաղության, ժողովրդավարության և բոլոր ժողովուրդների բարգավաճման առաջմղմանը:

«Կողմերը կներդնեն անհրաժեշտ ջանքեր ՄԱԿ շրջանակներում և այլ հարթակներում փոխգործակցության խորացման ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումների համադրման նպատակով»,-նշված է հայտարարության մեջ։