Ինչպես հայտնեցին ընդդիմադիրները, ապրիլի 25-ից սկսելու է իրենց բողոքի նոր փուլը, հանդես են գալու անհնազանդության բողոքի ակցիաներով: Նշենք, որ այսօր արդեն «Հայաստան» դաշինքն Իջևանից երթով գալիս է Երևան՝ մարզերի բնակիչներին կոչ անելու՝ միանան իրենց պայքարին:
Հասարակության որոշ զանգվածի կողմից քննարկվեց այն, որ կարծես թե, ընդդիմությունը այն նույն ճանապարհով է գնում, ինչով ժամանակին Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, քանի որ նա էլ իր հեղափոխությունը սկսեց Իջևանից և անհնազանդության բողոքի ակցիաներով:
Ներկայիս իշխանության՝ ժամանակին գործելաոճի կրկնությունը ընդդիմության կողմից, վերջինիս հաջողելու շանսերի, իշխանության տրամադրությունների և այլնի շուրջ ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ, որը բնական համարեց ընդդիմության ներկայիս գործողությունները.
«Ընդդիմության կողմից տեխնոլոգիաների կրկնությունը աշխարհում տարածված երևույթ է, ուղղակի պետք է հասկանալ, որ տեխնոլոգիայի մեխանիկական կրկնությունը, ոչինչ չի տա, այսինքն՝ եթե դու մեխանիկորեն կրկնես այն ամենը, ինչը 2018 թվականին եղավ, հաջողություն չի բերելու, միանշանակ: Այն ժամանակ լրիվ ուրիշ իրավիճակ էր, հիմա՝ ուրիշ»,- նշեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ հստակ գնահատական կկարողանա տալ միայն որոշ ժամանակ անց, երբ պարզ կլինի ընդդիմության անցած ուղին:
Ըստ Արմեն Բադալյանի՝ բնական էր, որ առաջին փուլին պետք է հաջորդեր երկրորդը, քանի որ սկզբնական փուլի նպատակը իրենց վրա ուշադրություն հրավիրելն էր.
«Ուշադրություն գրավելու շրջանը, կարծում եմ, հաջողվեց, ուղղակի պետք է շատ բաներ հաշվի առնել, օրինակ՝ ինչպիսին է հասարակության տրամադրությունը, ինչպես են ընդունում մարդիկ ընդդիմադիրների գործողությունները... շատ բաներ հաշվի առնելուց հետո նոր հաջողության կհասնեն, նաև պետք է հասկանալ, թե որն է նրանց համար հաջողությունը»,- նշեց նա:
Անդրադառնալով ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառմանը՝ որում նշել էր, որ ընդդիմությունն ուզում է նոր պատերազմ՝ նոր զոհերով և պարտությունով, որպեսզի պարտության փլատակների վրա բռնազավթի ազատ ընտրություններով ձևավորված իշխանությունը, քաղտեխնոլոգն ասաց, որ իշխանական թևը վտանգ է զգում. «Իշխող թիմի ցանկացած ներկայացուցչի համար որտեղ վտանգ կա, սկսում է անմիջապես բացասական պիտակավորել, որը ևս նորմալ երևույթ է: Ընդդիմադիրների ներկայիս գործողությունները լարվածության մեջ են գցել իշխող թևի ներկայացուցիչներին: Իշխանական պատգամավորների ֆեյսբուքյան գրառումները վտանգի զգացողության վերաբերյալ առաջին ազդանշաներն են, որովհետև գիտեն, որ պատասխան են տալու շատ հարցերի համար, եթե, իհարկե, մնացին Հայաստանում: Ինչ վերաբերում է նրա նշած ազատ ընտրություններին, ապա կարող եմ ասել, որ Հայաստանում ընտրությունները միշտ կեղծվել են, կեղծվում են և երկար ժամանակ դեռ կկեղծվեն: Եթե ընտրության արդյունքները չեն բողոքարկվում, դա դեռ չի նշանակում, որ կեղծիք չի եղել: 2017 թվականին էլ այն ժամանակվա ընդդիմությունը, որի ղեկավարը այսօր վարչապետ է, չբողոքարկեց ընտրությունների արդյունքները, համարեցին լեգիտիմ, բայց դե գիտեինք, որ այն ամբողջովին կեղծել են»,- ընդգծեց Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ պատերազմով վախեցնելը մտնում է ներկայիս իշխանության տեխնոլոգիաների մեջ, ինչն այսօր արդեն չի աշխատում:
Հարցին՝ իշխանափոխություն կլինի, մեր զրուցակիցն ասաց, որ դժվար է կռահել. «Դա նույնն է, որ գուշակենք երկու օր հետո Հայաստանում անձրև կտեղա՞, թե՞ ոչ»:
Զվարթ Պետրոսյան