Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է, որ Հայաստանում հանրային ծառայողները ունեն բավական լայն իրավունքներ և հետևաբար պետք է ձեռնամուխ լինել դրանք կրճատելուն: Սովորության համաձայն' իշխանությունները դա պատրաստվում են անել սահմանադրություն խախտելով և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումով:
Կառավարությունը «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները հաստատելու մասին» որոշման նախագիծը, որի 1-ին կետով հաստատված հավելվածի գլխում, ի թիվս մարդու սեփական կարծիքն արտահայտելու սահմանադրական իրավունքի սահմանափակման այլ դրույթների, նշվում է, օրինակ, որ «Հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ… սոցիալական էջերում քաղաքական որևէ կուսակցության օգտին կամ դրա դեմ գրառումներ կատարելուց, նմանատիպ գրառումներ հավանելուց կամ տարածելուց» կամ «Հանրային ծառայողը պարտավոր է… հրապարակայնորեն չարտահայտել իր քաղաքական տեսակետները» և այլն:
Նիկոլ Փաշինյանը թերևս մոռացել է, որ կարծիք արտահայտելը յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է և ո՛չ ինքը, ո՛չ իր կառավարությունը չեն կարող ոտնահարել այդ իրավունքն' այն էլ ինչ-որ օրենքի նախագծի մակարդակով: Բնական է, որ այս քայլը միտված է հանրային ծառայողներին լոյալ պահելուն, քանի որ գաղտնիք չէ՝ նրանց շրջանում բավականին մեծ թվով անձինք կան, ովքեր չեն կիսում Փաշինյանի և իր թիմի վարած քաղաքականությունը: Ուշագրավ է, որ հանրային ծառայողներին կապանքներից փրկել խոստացող Նիկոլ Փաշինյանն այժմ որոշել է նրանց վերջնականորեն ստրուկի վերածել: