Երևանը պետք է դրական արձագանքի Բաքվի խաղաղարար նախաձեռնություններին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում, գրում է Anadolu-ն։
«Մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանին արձագանքել այս բարի մտադրություններին։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում արմատականները, իսկ դրսից՝ սփյուռքը ճնշում են Հայաստանի իշխանություններին։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, այլև մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այս ուղղությամբ։ Երեկ ԱՄՆ պետքարտուղարի հետ մեր հանդիպման ժամանակ մենք ևս մեկ անգամ հիշեցրինք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում և բարի կամք են դրսևորում՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման», - ասել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ «44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը հստակ ցույց է տվել տարածաշրջանում խաղաղության իր ցանկությունը»։ Չավուշօղլուն հայտարարել է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին առաջարկել է կնքել համապարփակ խաղաղության համաձայնագիր։ Նա ասել է, որ Ադրբեջանը նույնպես աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին։