Երեկ՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:30-ի սահմաններում, «Նոր-Հաճնի» պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին և ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային հատվածի հեմատոմա, գլխուղեղի ցնցում հարցականով, այրման հետևանքով առաջացած գազերի ներշնչում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Նոր Գեղի գյուղի բնակիչ, 35-ամյա Քնարիկ Մ.-ն է, ով աշխատում է Կոտայքի մարզում գործող «Արգոթեք Ինվեստ» ՍՊԸ-ում: Պարզվել է նաև, որ նրա ինքնազգացողությունը վատացել է նշված ՍՊԸ-ում և վայր է ընկել:
Ժամը 16:30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնել են, որ «ծխահարության» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ: Պարզվել է, որ տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ, 69-ամյա Մարիետա Գ.-ն, 45-ամյա Ֆաթիմա Մ.-ն և 36-ամյա Ռուզաննա Պ.-ն:
Ժամը 17:00-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գազային խառնուրդ, գոլորշիների թունավորումից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի:
Պարզվել է, որ տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ, 34-ամյա Ռոզա Գ.-ն, 56-ամյա Քանաքարա Ն.-ն, 43-ամյա Նախշուն Ա.-ն, 36-ամյա Հովհաննես Մ.-ն, 36-ամյա Արմինե Ս.-ն, 60-ամյա Տիմա Մ.-ն, 29-ամյա Արմինե Օ.-ն, 42-ամյա Սուսաննա Մ.-ն, 35-ամյա Լուսինե Հ.-ն, 46-ամյա Գրետա Ն.-ն և 33-ամյա Նաիրա Մ.-ն: Վերջիններս ոստիկաններին հայտնել են, որ իրենց ինքնազգացողությունը վատացել է «Արգոթեք Ինվեստ» ՍՊԸ-ում՝ աշխատանքի ժամանակ: Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: