Շուրջ 6 ամիս է, ինչ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է Հրաչյա Սարգսյանը, ով ի դեպ այդպես էլ չի բարեհաճել հաշվետու լինել երևանցիների առջև ՝ այս ընթացքում իր կատարած աշխատանքի մասին:
Ընտրվելուց Սարգսյանը հայտարարում էր, որ իր աշխատանքի արդյունավետության մասին կխոսեն իր գործերը, և քանի որ ինքը՝ քաղաքապետը ժամանակ չի գտնում իր աշխատանքը հանրության դատին ներկայացնելու համար, դա փորձենք մենք անել:
Եվ այսպես, ահա թե ինչով է աչքի ընկել Հրաչյա Սարգսյանը պաշտոնը ստանձնելուց մինչ այս պահը:
Երևանում վերջին վեց ամսվա ընթացքում այդպես էլ լուծում չստացավ հանրային տրանսպորտի հարցը: Նոր ավտոբուսները թեև դուրս են եկել գիծ, այնուամենայնիվ խնդիրները շարունակվում են, տրանսպորտը ուշանում է, վարորդներն էլ, ըստ ավագանու անդամի, գրպանում են ուղևորավարձը:
Ինչպես գիտենք քաղաքապետարանը զբաղված էր Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման բրենդի մշակմամբ: Սակայն պարզվում է, միակ բանը, որ մինչ այս պահը արվել է դա այն է, որ տարվա ընթացքում իրականացվել են բազմաթիվ քաղաքների (Մոսկվա, Թբիլիսի, Ռիգա, Բրատիսլավա, Փարիզ, Լիոն, Մարսել, Ամստերդամ, Լոնդոն, Դուբայ) զբոսաշրջային բրենդների ուսումնասիրություններ:
Չի լուծվել անգործության մատնված համատիրությունների հարցը, որոնք շարունակում են ոչինչ չանելու դիմաց երևանցիներից կլորիկ գումարներ գանձել: Քաղաքապետարանը չի կարողանում որոշել՝ պահել համատիրությունները, թե փոխարինել դրանք այլ կառույցով: Իսկ մինչ այդ հարված է հասցվում երևանցիների գրպանին:
Հրաչյա Սարգսյանը շարունակել է Հայկ Մարությանի բարի ավանդույթը, այն է հայտնի օլիգարխներից Երևանի համար նվիրաբերություն ընդունելը: Դիցուք՝ քաղաքապետարանը դեկտեմբերի 28-ի նիստում նվիրաբերություն ընդունելու մասին որոշում ընդունեց. Երևան քաղաքին նվիրաբերվեց 75 հատ քարե նստարան, 135 աղբաման և 60 հատ մոխրաման, որոնք տեղադրվել են Երևան քաղաքի Սարյան պուրակում, Օղակաձև զբոսայգում, Վարդան Մամիկոնյանի հուշարձանի շրջակայքում: Նվիրաբերողն էլ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս էնդ հոլդինգ» և «Նոյ ինվեստ գրուպ» ընկերություններն էին: Հիշելով հայտնի Կամազների պատմությունը' ակամայից ինքդ քեզ հարց ես տալիս՝ իսկ ինչի՞ դիմաց է այս անգամ Ալեքսանյանն այսչափ առատաձեռն գտնվել և ինչ փոխադարձ նվերով է հանդես եկել քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Չի լուծվել հին վերելակների փոխարինման հարցը, այս տարի դեռևս 460 նոր վերելակ պետք է տեղադրվի, ինչը նշանակում է, որ քաղաքապետարանը հապաղում է և հետ մնում նախանշված գրաֆիկից:
Սառույցին գրվեց աղբի վերամշակման գործարան հիմնելու գաղափարը, չնայած աղբահանության խնդիրը այսօր Երևանի առջև ծառացած ամենահրապատ խնդիրների շարքին է դասվում:
Հրաչյա Սարգսյանը նաև այս ընթացքում չի խնայել Երևանի առանց այդ էլ սուղ բյուջեն: Դիցուք՝ Երևանի քաղաքապետարանը բնակիչներին ավետել է, որ մոտ ապագայում նրանց սպասվում է նոր և անչափ կարևոր, արդիական և օրակարգային փոփոխություն: Այն է՝ Երևանի տրոլեյբուսային պարկը կհամալրվի 10 նոր տրոլեյբուսներով: Եվ այստեղ խնդիրը անգամ այն հարցը չէ, թե արդյո՞ք Երևանին տրոլեյբուսներ անհրաժեշտ են, թե ոչ, խնդիրը վերջիններիս գինն է, այն է՝ 10 ավտոբուսի դիմաց քաղաքապետարանը բյուջեից պատրաստվում է վճարել 2 միլիարդ դրամ:
Քաղաքապետարանում որոշել են առաջնային օղակի բուժսպասարկման հիմնարկների առավել արդյունավետ կառավարման համար կառուցվածքային փոփոխություններ մեկնարկել. մասնավորապես, առաջարկվում է փոքր պոլիկլինիկաները միացնել մեծ պոլիկլինիկաներին՝ ընդլայնելով բժշկական ծառայությունները և գեներացնելով միջոցներ՝ պոլիկլինիկաների վերազինման, զարգացման համար: Այս որոշումը քննադատվել է թե՛ Երևանի ավագանու մի քանի անդամների կողմից, թե՛ բնակիչների, որոնք օրեր առաջ նաև բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի առաջ: Ինչ խոսք, անհասկանալի է նման օպտիմալացումը, եթե չի արվել վերլուծություն, պոլիկլինիկական աշխատանքի որակի գնահատում, չեն վերցվել բժշկական ցուցանիշներ, և հիմք են ընդունում միայն նեղ մասնագետների առկայությունն ու աշխատավարձերը:
Շրջիկ առևտրով զբաղվող և օրվա հացը այդպես վաստակող քադաքացիներին այլընտրանք չառաջարկած քաղաքապետը, այժմ էլ որոշել է էլ ավելի կոշտ միջոցները և չբավարարվել այդ առևտուրը արգելելով: Առաջարկվում է առգրավել այդ ապրանքը՝ էլ ավելի մեծ հարված հասցնելով օրվա հացը մի կերպ վաստակող քաղաքացիների գրպանին:
Վեց ամսվա մեջ որևէ շարժ տեղի չունեցավ նաև մետրոյի նոր կայարանի կառուցման գործում, թերևս այդ սուրբ գործը գլուխ բերելը Հրաչյա Սարգսյանը որոշել է թողնել Տիգրան Ավինյանին:
Ահա այս խնդիրներին լուծում տալու փոխարեն Հրաչյա Սարգսյանը վեց ամիս շարունակ զբաղված է գործակարգավարական նիստերին անխնա զայրանալով, իսկ դրանց ավարտից հետո՝ ֆեյսբուքում անխնա փիառվելով: Իսկ վերջինիս գործերը իսկապես խոսում են իր աշխատանքի արդյունավետության մասին, այլ բան է, որ որևէ դրական բան չեն ասում...