Երևանում այսօր փաստացի մեկնարկել է քաղաքապետի ընտրության նախընտրական շոուն և արտահայտվում է այն հերթական սրճարանները ապամոնտաժելով: Այս անգամ թիրախում էին Երիտասարդական մետրոյի հետնամասում գտնվող սրճարանները:
Ընդհանրապես, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը բավական հետաքրքիր պատկերացում ունի ապօրինի շինությունների դեմ մղվող սկզբունքային պայքարի մասին: Բանն այն է, որ այդ սկզբունքայնությունը, չգիտես ինչու, տարածվում է միայն շարքային քաղաքացիների շենք-շինությունների վրա, իսկ ահա օլիգարխների, նախկին պաշտոնյաների օբյեկտները Սարգսյանը չի նկատում:
Դիցուք՝ տեղում են Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող սրճարանները, որոնք ապամոնտաժելու խոստումը դեռ Հայկ Մարությանն էր տալիս: Իհարկե, խոստումը այդպես էլ մնաց խոստում:
Տեղում են Հրազդանի կիրճում գտնվող բազմաթիվ նախկին պաշտոնյաների օբյեկտները, մինչդեռ տարիներ շարունակ մամուլը գրում էր, որ դրանց մի մասը ապօրինի է կառուցված: Օրինակ՝ «Մոնտե-Քրիստո» ռեստորանային համալիրի տերը քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության երկար տարիների պետ Լեւոն Հարությունյանն է: Աչքի ընկնող եւ այցելուներով հարուստ օբյեկտներից է նաեւ «Գեղամա» ռեստորանային համալիրը: Այստեղ են այցելում գրեթե բոլոր բարձրաստիճան զինվորականները: Բացի ռեստորանից, համալիրը նաեւ գարեջրատուն ունի: Պտտվող լուրերի համաձայն' այն պատկանում է Ռազմական ոստիկանության պետի նախկին տեղակալ Ռազմիկ Խանզրադյանին: Հրազդանի «ձորում մխրճված» նավի տերը, ըստ մամուլի, հայտնի գործարար Արայիկ Հայրապետյանն է (Լավանդայի Արայիկը): Ի դեպ, նույն մամուլը վերջերս գրել էր, որ Արայիկ Հարությունյանը այժմ փորձում է սիրաշահել գործող իշխանություններին և նոր հենարան գտնել:
Մոնումենտի հայտնի դղյակները, որոնք անձամբ Նիկոլ Փաշինյանն էր ապօրինի կառուցված շինություններ անվանում, ոչ միայն տեղում են, այլև բարեհաջող կերպով վաճառվում-գնվում են:
Համաձայնեք' այսպիսի սկզբունքային պայքարը առավելապես նման է նրան, որ քաղաքապետը պարզապես աչք է փակում վերը նշված անձանց շինությունների վրա, իսկ նրա դուխը հերիքում է միայն շարքային հպարտ քաղաքացիների սրճարանները և կրպակները ապամոնտաժելուն...