ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոններում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Ներկայացված նախագծով առաջարկվում է բուհերում հեռակա ընդունելությունն իրականացնել նույն՝ միասնական մոտեցմամբ, որը կիրառվել է առկա ուսուցման ընդունելության ժամանակ: Ըստ այդմ' առաջարկվում է հայտագրման, փաստաթղթերի ներկայացման (այդ թվում՝ համապատասխան կայքի միջոցով առցանց տարբերակով), ընդունելության քննությունների և մրցույթի անցկացման գործառույթը փոխանցել ԳԹԿ-ին։
Փոփոխությունները հիմնականում վերաբերում են ընդունելության քննությունների և մասնագիտությունների հայտագրման գործընթացին, կազմակերպման, անցկացման ժամկետներին և հայտագրման եղանակին։ Նշենք, որ համաձայն մինչև այս գործող կանոնների' դիմորդները քննություններին, ինչպես նաև մասնագիտությունների մրցույթին մասնակցելու համար ընդունելության դիմում-հայտերը և փաստաթղթերը հանձնում են համապատասխան բուհում:
Ակնկալվում է, որ նոր կարգավորումը գործընթացն առավել արդյունավետ և կանոնակարգված դարձնելու հնարավորություն կտա: Միաժամանակ նախագծով սահմանվել է, որ հեռակա ընդունելության գործընթացին առնչվող կարգավորումները տարածվում են ինչպես պետական, այնպես էլ հավատարմագրված ոչ պետական բուհերի վրա:
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ընդունելության գործընթացի պատշաճ կազմակերպումը:
Շահագրգիռ կառույցները, բուհերը, քաղհասարակության ներկայացուցիչները նախագծի առնչությամբ իրենց առաջարկներն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև հուլիսի 22-ը: