ՀՀ 4 մարզերում պարեկային ծառայության ներդրման համար ձեռք կբներվեն 175 ամենագնաց մեքենաներ: Նախատեսված ժամկետում ավտոտրանսպորտային միջոց մատակարարելու պարտավորություն կարող է ստանձնել միայն «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել այս որոշմանը:
Հայտնի է, որ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն պատկանում է Ռոբերտ Քոչարյանի ազգականներին, եթե ոչ անձամբ Ռ. Քոչարյանին: Արդյոք սա չի՞ նշանակում, որ Փաշինյան-Քոչարյան հարաբերություններում ինչ-որ բան է փոխվել, սկսել են համագործակցել: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ: Նրա խոսքով՝ այս համագործակցությունը քաղաքական երանգ չունի և չի կարող ունենալ:
«Դա բոլորովին էլ չի նշանակում, թե կա Փաշինյան-Քոչարյան համագործակցություն: Քոչարյանն իր նախագահության ընթացքում և հետագայում էլ լայնամասշտաբ գործունեություն է իրականացրել, և այդ ժամանակ ձևավորվել են տնտեսվարող սուբյեկտներ, որոնք շուկայում իրենց տեղն ունեն այսօր: Ես էլ եմ շատ ժամանակ դժգոհում, որ այս կամ այն շինարարական տենդերը շահում է քոչարյանական թիմին հարող տնտեսվարող սուբյեկտ, բայց դա օրենքով է իրականացվում, և մենք ոչինչ չենք կարող անել: Կարծում եմ՝ այս դեպքում էլ նույն իրավիճակն է»,-լայն քննարկումների առիթ դարձած այս թեման պարզաբանեց Հ. Աղազարյանը: