ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի 29-ամյա որդին' Դավիթ Սեդրակյանը մասնակցում է մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Նա նույնպես ՀՀԿ անդամ է եւ զբաղեցնում է կուսակցության ցուցակի 34-րդ համարը:
Ուսումնասիրելով թեկնածուի գույքի ու եկամուտների հայտարարագիրը, որը ներառում է 2012թ. մարտի 1-ից մինչեւ 2013թ. մարտի 1 ընկած ժամանակահատվածը, պարզվեց, որ նա բավականին մեծ կարողության տեր է:
Դավիթ Սեդրակյանը Երեւան քաղաքում ունի 6 հողակտոր, 0, 200 հա հողակտոր էլ ունի Ծաղկաձոր քաղաքում: Միանձնյա սեփականության իրավունքով թեկնածուն Երեւան քաղաքում ունի նաեւ 5 շինություն:
Դավիթն ունի նաեւ երկու ավտոմեքենա ' 1988թ. արտադրության «ZAZ 968» եւ 2002թ-ի' «GMC TUKON»:
Դավիթ Սեդրակյանի միակ եկամուտը եղել է 2 մլն դրամով գույքի օտարումը, սակայն նրա դրամական միջոցներն այս տարվա ապրիլի 3-ի դրությամբ կազմել են 200 միլիոն դրամ:
Ուսումնասիրելով Դավիթ Սեդրակյանի 2012թ. հայտարարագիրը, որը որպես պատգամավոր Մհեր Սեդրակյանի փոխկապակցված անձ ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, պարզվեց, որ ավագանու թեկնածուն ավելի շատ կարողություն է ունեցել:
Օրինակ' նա իր հողամասերից մեկը ձեռք է բերել 190 մլն 993 հազար 500 դրամով, իսկ շինություններից մեկը' 13 մլն 706 հազար 500 դրամով:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա 2012թ. սկզբին Դավիթ Սեդրակյանն ունեցել է 408 մլն դրամ:
Թե պատգամավորի որդուն որտեղից այդքան գումար, գիտի միայն ինքն ու իր հայրը: