Հայկական լաստանավի գործարկման շուրջ աշխատանքները շարունակվում են։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մենք հիմա վերջնական աշխատանք ենք անում, շուտով կհրապարակվի չվացուցակը»,-ասաց նա։
Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ դիտարկվում է Փոթիի նավահանգստից օգտվելու տարբերակը։
«Դա հեշտ հարց չէ, հատկապես որ զուգորդվում էր այսպիսի ծանր աշխարհաքաղաքական փոփոխություններով ու ճնշմամբ, բայց, այնուամենայնիվ, մեր աշխատանքը, հույս ունենք, շատ շուտով արդյունք կտա»,- ասաց նախարարը։
Ավելի վաղ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Քերոբյանը հայտնել էր, որ լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի օգոստոսին: «Կարծում եմ՝ մենք այս ամիս անպայման կգործարկենք:
Կարծես թե բոլոր խնդիրները լուծվել են: Եվ հիմա միակ խնդիրը, որ դեռևս պետք է համաձայնեցվի, այն է, որ յուրաքանչյուր ապրանքի մասով պետք է օնլայն ռեժիմով թույլտվություններ ստանանք, որ կարողանանք այս կամ այն բեռն անցկացնել: Իսկ ընդհանուր առմամբ մենք կարծես թե արդեն պատրաստ ենք նրան, որ չվացուցակը հրապարակենք: Մոտակա օրերի ընթացքում դա տեղի կունենա»,- ասել էր նախարարը: