Հաճախ ու արդարացիորեն բողոքում ենք իրենց տարածքում և աշխարհի տարբեր հայաշատ անկյուններում արդբեջանցիների և թուրքերի կողմից հայկական պատմամշակութային կոթողների, արվեստի այլ նմուշների դեմ իրականացվող վանդալիզմի մասին։ Բայց․․․

Ջերմուկի կենտրոնական այգում գտնվող համալիրում կոտրել են հայոց մեծերի՝ Կոմիտասի, Թումանյանի, Սարյանի և այլոց կիսանդրիները, որոնց անմխիթար վիճակը պատկերված է ներկայացվող լուսանկարներում։ Դրանք հրապարակել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը։ 

Այսօրինակ վանդալիզմի դրսևորումներ, ցավոք, հանրապետության այլ շրջաններում ևս նկատվում են, ինչը վերածվել է մի կողմից համընդհանուր անարգանքի, մյուս կողմից՝ հանցավոր անտարբերության, առաջին հերթին՝ պատկան մարմինների դրսևորմամբ։

Ո՞վ է պատասխանատու այս ներքին վանդալիզմի համար, ո՞վ է Հայաստանում այն ներքին թուրքը, որ կատարում է այսպիսի հանցանք, և ո՞վ է, որ հանցավոր անտարբերությամբ է հետևում այս ամենին, փոխանակ վերահսկելու և կանխելու նման արատավոր երևույթները։

«Եթե չեմ սխալվում՝ մոտ 20 տարի առաջ շենքը գնել են, այն հետո ձեռքից-ձեռք է անցել ու մինչ օրս ոչ-ոք չի ներկայանում որպես սեփականատեր։ Ներսի կիսանդրիները գիպսե օրինակներ են։ Ես կարծում եմ, որ քանդակագործները իրենց արվեստանոցներում պահած կլինեն կաղապարները և պատվերի դեպքում նորերը կպատրաստեն։ Քաղաքապետարանը ուրիշի սեփականությունը հանդիսացող այդ շենքի պահպանության ու խնամքի համար տեղական բյուջեից ծախսեր կատարելու որևէ իրավասություն չունի»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Զեմֆիրա Սարգսյանը։

Նրա խոսքով, կարելի է դիմել համապատասխան գերատեսչությանը՝ շենքը վթարային ճանաչելու համար, քանի որ շենք իսկապես վթարային է։ 

Ջերմուկի քաղաքապետարանի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Արսեն Գառնիկյանի պարզաբանումը հետևյալն է․

«Ոչ մի բան էլ չի արվել, դա սեփականաշնորհված տարածք է, ու սեփականատերը պետք է զբաղվեր դրանով: Այսինքն, մերը չի դա ու մենք ցավ ենք ապրում, որ մեր մեծերի կիսանդրիներն այդ վանդալներն ավիրել են: Տարածքը լքված է, սեփական է, բայց անտերության է մատնված, պահակ էլ չկա, վատ վիճակում է»։

Նրա խոսքով, մոտ 20 տարի առաջ շենքը սեփականաշնորհվել է և մի քանի անգամ վերավաճառվել: Ավելին, Գառնիկյանը նշել է, որ այդ հարցով ինքը դիմել է վարչապետին՝ Ջերմուկ կատարած վերջին այցի ժամանակ։ Ըստ նրա, Փաշինյանն ասել է, որ այդ բացթողումները կարգավորելու համար լուծում կտրվի։

Արա Ալոյան