Hayeli.am-ի տեղեկություններով' նորանշանակ նախարարներից Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն իր ղեկավարած ոլորտում կտրուկ քայլերի է գնացել: Նախարարը հասցրել է աշխատանքից ազատել Բնապահպանության նախարարության բոլոր փորձագետներին, որոնց թիվը համարյա 100-ի էր հասնում:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում Բնապահպանության նախարարի խոսնակ Թեհմինե Արզումանյանը նշեց, որ այս պահին աշխատանքից ազատվել է 10 փորձագետ:

 

«Նրանք հաստիքային աշխատողներ չէին, այլ փորձագետներ: Նպատակահարմար չէր իրենց աշխատելը, քանի որ նրանք ստանում էին հաստիքային աշխատողի աշխատավարձ, սակայն չէին աշխատում ամեն օր: Փորձագետներն աշխատում էին գործի բերումով, ժամանակ առ ժամանակ»,- ասաց խոսնակը:

 

Մեր տեղեկություններով՝ նախարարությունում գոյություն ունի իսկապես ուռճացված հաստիքացուցակ: Նույնիսկ 10 փորձագետի ազատումը նշանակում է, որ Բնապահպանության նախարարությունում տարիներ շարունակ մարդիկ ստացել են աշխատավարձ՝ գրեթե ոչինչ չանելու դիմաց: Սա այն դեպքում, երբ պետական բյուջեն քամուն տալու փոխարեն կարելի էր անհրաժեշտության դեպքում կնքել կարճաժամկետ աշխատանքային պայմանագրեր: Թե ովքեր են նախարարությունում գրանցվել լիարժեք հաստիքով և տարվա մեջ ընդամենը մի քանի անգամ սիմվոլիկ աշխատանքներ կատարել՝ մնում է միայն ենթադրել:

 

Բնապահպանության նախարարը, ում հովանու ներքո տարիներ շարունակ հարկատուների փողերը քամուն են տրվել, այժմ նոր պաշտոն է ստացել' ղեկավարում է Կոտայքի մարզը: Հետաքրքիր է' ՀՀ ղեկավարները ինչպես են առանց այն էլ սուղ մարզային միջոցները վստահել մի մարդու, ով նմանատիպ վերաբերմունք և հանցավոր անտարբերություն է ցուցաբերել հարազատ գերատեսչության բյուջետային միջոցների նկատմամբ:

 

Կառավարությունից առ այսօր հարցի վերաբերյալ որևէ գնահատական չի տրվել: