Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մեկնարկեց ԱԺ աշնանային նստաշրջանը․ ինչպես սպասվում էր՝ խորհրդարանական ընդդիմության երկու ուժերի՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները բացակայում էին։
Սա մի կողմից վկայում է, քաղաքական այդ ուժերի դիրքորոշման անփոփոխությունը, մյուս կողմից՝ որոշակիորեն արտացոլում նույն ընդդիմության ներսում առկա հակասությունները։
«Պետք չէ սպասել կամ հույսեր ունենալ, որ խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ-ում կզբաղվի օրինաստեղծ աշխատանքով, իշխող կուսակցության հետ որոշակի համագործակցությամբ, ինչու չէ՝ հանդես գա կառուցողական քննադատության դիրքերից։ Ըստ էության 2021 թ․ հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո ոչինչ չի փոխվել, ուժերի հարաբերակցությունը, նրանց օրակարգը, գործելակերպը նույն է»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
Նրա պնդմամբ, վերջին շրջանում ընդդիմության ներսում առկա տարաձայնությունները ավելի նկատելի են դարձել, և չի կարելի ասել, որ ընդդիմությունը 100 տոկոսով միաձուլված է։
«Չնայած նրանք բոլորն էլ թիվ մեկ խնդիր են հռչակել գործող իշխանությունների հեռացումն ու տապալումը, այդուհանդերձ, փողոցային պայքարի ժամանակ էլ նկատվեցին որոշակի հակասություններ։ Ընդդիմության առաջնորդներն էլ առանձնապես չեն հայտարարել միավորվելու մասին։ Եթե «Հայաստան» խմբակցությունը վերադառնա խորհրդարան, կնշանակի՝ ընդդիմությունը միավորվել է»,-ընդգծեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավորների հասցեին Էդգար Ղազարյանի հնչեցրած այն մեղադրանքին, Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց չնախաձեռնելով՝ անուղղակիորեն սատարում են վարչապետին, Քեռյանը նկատեց, որ ընդդիմադիր գործիչն, ըստ էության, ձգտում է սթափեցնող դեր ունենալ և միավորել ընդդիմությանը։
Արա Ալոյան