Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 57 կմ հատվածում բախվել են BMW և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, այդ թվում՝ 1 երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Shamshyan.com-ը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի։ Տեղի ճանշինը օպերատիվ ձևով կատարել է ճանապարհը ձյունից մաքրելու, աղ ու ավազով մշակելու գործողություններ։