Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանի նոր շրջաններում» իրավիճակը չափազանց ծանր է անվանել։ Այս մասին նա խոսել է Անվտանգության ծառայության աշխատակիցների օրվա կապակցությամբ ուղերձում, գրում է Gazeta-ն։

«Ես հատկապես կցանկանայի նշել անվտանգության մարմինների ստորաբաժանումները, որոնք սկսել են գործել Ռուսաստանի նոր շրջաններում։ Այո, ձեզ համար այս պահին դժվար է, իրավիճակը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում չափազանց բարդ է»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Պուտինը նաև կոչ է արել անվտանգության պաշտոնյաներին անել ամեն ինչ՝ ապահովելու Ռուսաստանի քաղաքացիների առավելագույն անվտանգությունը, ինչպես նաև իրավունքների և ազատությունների պահպանումը։

Իր ելույթում Վլադիմիր Պուտինն ընդգծել է նաև, որ բռնության կոչերն ու ազգամիջյան ատելություն հրահրելը վտանգ են ներկայացնում ռուսական հասարակության միասնության համար և պետք է ճնշվեն հատուկ ծառայությունների կողմից։