Հայաստանից Արցախ գազամատակարարումը, ադրբեջանական կողմի միջամտության պատճառով, շարունակում է դադարեցված մնալ: Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ՝ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ տեղեկատվական շտաբից։
«Սակայն հաշվի առնելով գազալցակայններում ստեղծված հերթերը և գազի սահմանափակ ծավալը՝ որոշվել է, որ կուտակված գազն այսուհետև կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին, իսկ գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի մինչև գազամատակարարման վերականգանումը:
Հանրային սպասարկում իրականացնող և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով նշված կազմակերպությունների ավտոմեքենաներին կտրամադրվի բենզին կամ դիզվառելիք:
Իրավիճակի փոփոխության դեպքում հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի»,-ասված է հաղորդագրության մեջ: