Ադրբեջանի նախագահի աշխատակազմը մանրամասներ է հաղորդել Իվանյանում (Խոջալու) Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքներից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդագրության մեջ նշված է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպմանը կմասնակցի Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: Հանդիպումը տեղի կունենա Ստեփանակերտում։ Նշված է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել առաջիկա օրերին:

Քննարկվել են հումանիտար մի շարք խնդիրներին վերաբերող հարցեր։

Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը։

ԼՂ պատվիրակության կազմում էին Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։

Ադրբեջանական կողմից բանակցություններում ներգրավված էր Մեջլիսի պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հայերի հետ շփումների համար պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը, Հատուկ ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Իլքին Սուլթանովը։