Հայաստանի նախկին արտգործնախարար, Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) 2014-2018թթ․ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հոդված է հրապարակել «Newsweek» պարբերականում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և այս հարցում ՄԱԿ-ի անբավարար արձագանքին։
Ներկայացնում ենք «Որքան օգտակար է ՄԱԿ-ը, եթե այն չի պաշտպանում իր հիմնարար սկզբունքները» խորագիրը կրող հոդվածը՝ մասնակի կրճատումներով․
«Միավորված ազգերի կազմակերպությունը, որն իր հիմնադրման պահին ներառում էր 51 անկախ պետություն, այժմ վերածվել է 193 անդամ միավորող կառույցի, ինչը մեծ քայլ է ինքնորոշման համար: Սակայն երբեմն այն, իր կաթվածահարության և անգործության պատճառով, ակամա վավերացրել է էթնիկ փոքրամասնություններին հալածող ավտորիտար պետությունները:
Այս պահին հենց դա է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում, որը հայ բնակչության կողմից կոչվում է Արցախ: ՄԱԿ անտարբերությունը մոտ մեկ ամիս 120 հազար մարդուն արգելափակելու առնչությամբ ազդակ կդառնա այն մասին, որ այս կառույցը մի կողմ է նետել իր գոյության իմաստը:
Ի վերջո, ՄԱԿ-ի հիմնարար նպատակն է աջակցել բոլոր ժողովուրդների՝ իրենց կամքը խաղաղ պայմաններում արտահայտելու իրավունքին։ Շատ բազմէթնիկ ազգեր հենց այդպես էլ արել են՝ ապրելով ներդաշնակության և ժողովրդավարության մեջ: Սակայն մյուսները, հաճախ հենվելով «պատմության» խեղված տարբերակների վրա, կառուցել են խտրականության, անհանդուրժողականության և բռնության միջավայր: Եթե ՄԱԿ-ը լուրջ է վերաբերում ազատությունը խթանելու և բռնությունը կանխելու իր պարտականությանը, ապա այն չի կարող թույլ տալ ճնշել ազատությունը միայն այն պատճառով, որ դա տեղի է ունենում անդամ պետության սահմաններում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: