ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանին․
«Պարոն նախագահող,
Ես միանում եմ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրման 70-ամյակի հիշատակմանը, որը հարյուր միլիոնավոր եվրոպացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում անկյունաքարային փաստաթուղթ է։ Մենք կիսում ենք Եվրոպայի խորհրդի տեսլականը, որ Կոնվենցիան պետք է պաշտպանի բոլոր եվրոպացիներին՝ անկախ նրանց բնակության տարածքի կարգավիճակից: Սակայն, ցավոք, դա այդպես չէ։
Սեպտեմբերի վերջին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ` Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ, որն ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի խախտումներով` ուղղված Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը: Թուրքիայի կողմից Ադրբեջանում զինյալ ահաբեկիչների տեղակայումն այդ երկու երկրների կողմից ստորագրված ԵԽ առնվազն երեք կոնվենցիաների խախտում է:
Տասնյակ հազարավոր մարդիկ` երեխաներ, կանայք, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, այժմ տեղահանված են, նրանց տները, ենթակառուցվածքները, կրոնական հաստատություններն՝ ավերված:
Ադրբեջանի զինված ուժերի և իր ահաբեկիչ դաշնակիցների կողմից ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և սպանությունը պատերազմական լուրջ հանցագործություններ են։ Այդ փաստն ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը, ով խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների արտադատական մահապատժի առնչությամբ։
Ավելին, Ադրբեջանի զինված ուժերը սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ հրդեհում են անտառները, ինչը հակասում է շրջակա միջավայրի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ վերջին շրջանում մեր գործադրած ջանքերին։ Արցախում առկա է հումանիտար ճգնաժամ, ինչպես ահազանգել է Գլխավոր քարտուղարը։
Մենք կիսում ենք նրա գնահատականները: Կիսում ենք նաև Մարդու իրավունքների հանձնակատարի և ԵԽԽՎ դիրքորոշումները:
Մենք համակարծիք ենք, որ պետք է հաստատվի հրադադար։ Մենք մի քանի անգամ փորձ կատարեցինք, բայց Ադրբեջանը տապալեց բոլոր փորձերը: Մենք համակարծիք ենք, որ պետք է հրաժարվել ատելության խոսքից, սակայն մենք տասնամյակներ շարունակ ապրում ենք մեր հարևաններից երկուսի կողմից հնչող ատելության հռետորաբանության պայմաններում: Դա հստակ կերպով արձանագրված է Եվրոպայի խորհրդի դիտորդական զեկույցներում: Մենք համակարծիք ենք, որ լրագրողներին պետք է հասանելիություն տրվի պատերազմը տեղում լուսաբանելու համար։ Մենք հավատարմագրել ենք հարյուրավոր միջազգային լրագրողների, ովքեր տեղում ականատես են եղել ավերածություններին և հումանիտար աղետին: Նրանցից ոմանք միտումնավոր թիրախավորվել են Ադրբեջանի կողմից։
Իրապես մենք կիսում ենք ձեր գնահատականները, ձեր հայտարարությունները: Սակայն հայտարարություններն այլևս բավարար չեն:
Եվրոպայի խորհուրդը պետք է վճռականություն ցուցաբերի և պաշտպանի Արցախի հասարակ քաղաքացիների ապրելու իրավունքը, ինչպես դա պահանջել է Եվրոպական դատարանը Հայաստանի դիմումի հիման վրա։
Միջոցներ պետք է կիրառվեն՝ պարտադրելու Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողությունից, որոնք հանգեցնում են Արցախի քաղաքացիական բնակչության` Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտմանը, ինչը նույնպես մատնանշել է Եվրոպական դատարանը: Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, իսկ այժմ էլ՝ Հարավային Կովկասում Թուրքիայի ապակայունացնող դերը պետք է հասցեագրվի։
Հորդորում եմ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` հակամարտության գոտիներ անարգել մուտք ապահովելու համար: Նախարարների կոմիտեին հորդորում եմ վճռորոշ քայլեր ձեռնարկել և արժանի լինել ԵԽ հիմնադիր հայրերի ժառանգությանը: Խաղաղության ու բարգավաճման, Եվրոպայում առավել լայն միասնության ժառանգությանը: Սակայն այս շարունակվող պատերազմի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու կամ նույնիսկ հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց սանիտարական կարիքներն ընկալելու անկարողությունը վկայում է առկա խորը ճգնաժամի մասին: Կոմիտեն պետք է գործողություններ ձեռնարկի, այլապես կարող է առերեսվել ժամանակավրեպ դիտարկվելու վտանգին:
Եվրոպայի խորհրդին անդամակցելիս Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, պարտավորություն է ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ադրբեջանն այժմ խախտում է այդ հանձնառությունը և բացահայտ կերպով ընդունում, որ մտադիր է հակամարտությունը լուծել ուժի միջոցով: Կազմակերպությունը պետք է հասցեագրի այս խախտումը:
Սա համաշխարհային կարգի համար վճռորոշ պահ է: Բազմակողմանիությունը կոչված է եղել ապահովել գլոբալ խաղաղությունը։ Այսօր բազմակողմանիությունը ճգնաժամի մեջ է: Դրա ապագան կախված է յուրաքանչյուր պետության ավելի լայն միասնությունից, և դա է Եվրոպայի խորհրդի նպատակը: Այս հարցում մենք բոլորս ունենք պատասխանատվության մեր բաժինը և պետք է արագ գործենք: Հակառակը՝ ճգնաժամն է, Եվրոպայի Խորհրդի բարոյական ճգնաժամը և արժեքահամակարգի ճգնաժամը:
Շնորհակալություն»: