Հայաստանն ու Եգիպտոսն ունեն շատ խորը և հարուստ երկկողմ օրակարգ: Այս մասին եգիպտական “Nile TV” հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք նաև ունենք երկխոսության և համագործակցության կարևոր հարթակներ և կիսում ենք բազում ընդհանուր դիրքորոշումներ տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Ամենակարևոր սկզբունքներից մեկը մեր տարածաշրջաններում խաղաղության, անվտանգության և կայունության վճռական հանձնառությունն է, և այս առումով մենք շատ ընդհանրություններ ունենք»,-ասել է նա::
Անդրադառնալով արցախյան հակամարտությանը` նա ասել է. «Հարավային Կովկասում ունենք մեր անվտանգային մարտահրավերները: Դրանիցից է Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը, որտեղ մեր առաջնահերթությունը Արցախի մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությունն է և Արցախի կարգավիճակը: Մենք ներգրավված ենք ոչ այդքան դյուրին բանակցություններում: Մենք պնդում ենք, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, մենք պնդում ենք, որ այն պետք է ունենա փոխզիջման վրա հիմնված լուծում, և չի կարող լինել այնպիսի լուծում, որը հիմնված չէ դիրքորոշումների և շահերի հավասարակշռության վրա: Մենք հանձնառու ենք աշխատելու խաղաղության և անվտանգության, հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»: