Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծում է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունն ակտիվացել է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ դա տեսնելու համար հարկավոր է գնահատել բոլոր այն հանդիպումները, որոնք տեղի են ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում:
«Թրամփի և Պոմպեոյի հետ հանդիպում մենք չենք ունեցել, բայց դրանից մեր երկխոսությունն ԱՄՆ-ի հետ չի նվազել, շատ ավելի ակտիվացել է: ԱՄՆ-ում յուրահատուկ համակարգ է իր բարդ կառուցվածքով, իսկ Թրամփի և Պոմպեոյի հետ հանդիպումների հարցը օրակարգում է, կլինի, երբ կլինի»,- ասաց Մնացականյանը:
Դիտարկմանը, թե չի հաջողվում հանդիպում կազմակերպել ԱՄՆ-ի նախագահի և պետքարտուղարի հետ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Սխալ են ասում»:
Հարցին, բանակցություններ գնո՞ւմ են, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանեց. «Այդ հարցը մշտական մեր օրակարգում է»: