Հարավային Կովկասի վերաբերյալ Արեւմտյան հանրության ռազմավարությունը վերաիմաստավորվում է, եթե, իհարկե, Արեւմուտքի դեպքում հնարավոր է կիրառել «ռազմավարություն» հասկացությունը: Ամեն դեպքում, հղումը ռազմավարությանը տվյալ դեպքում կարող է ունենալ պայմանական նշանակություն: Նկատի է առնվում, որ ճշգրտվում են Արեւմտյան հանրության կողմից տարածաշրջանին տրված գործառույթները:
ԱՄՆ-ը ցուցաբերում է «հոգնածություն» ու Եվրասիայում իրավիճակը չարմատականացնելու ձգտում, ՆԱՏՕ-ն էլ ընտրովի է վերաբերվում երկարաժամկետ բնույթի այս կամ այն խնդիրներին: Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերումը կհանգեցնի Հարավային Կովկասի ռազմական տրանզիտի գործառույթի կորստին:
Իրաքյան «մեծ» նավթի շուկա դուրս գալը, համաշխարհային էներգետիկ քաղաքականությունում փոփոխությունները, ինչպես նաեւ Կասպիցի շրջանի ադրբեջանական սեկտորի պահուստների սպառումը կհանգեցնեն տարածաշրջանում նավթարդյունաբերական ու նավթատրանսպորտային համալիրի ապաքաղաքականացմանը:
Հարավային Կովկասը գնալով «բաստիոնի» նշանակություն է ձեռք բերում Եվրոպայի ու Արեւմտյան աշխարհի համար, եւ դեռ լիովին հասկանալի չէ, թե տարածաշրջանի որ գործառույթներն են ավելի վտանգավոր ու ավելի կզսպեն սպառնալիքներն ու ռիսկերը: Հարավային Կովկասում ոմանք դժվար են շնչում, մյուսները՝ թեթեւ, իսկ քաղաքական դասի մեծ մասն ընդհանրապես չի հասկանում ու չգիտի, թե ինչ է տեղի ունենում:
Սակայն կարելի է նկատել, որ Արեւմտյան հանրությունը, որը տարածաշրջանում մեծ քաղաքական փորձ է ձեռք բերել, այլեւս չի կարող որեւէ առճակատում թույլ տալ, առավել եւս Ռուսաստանի հետ: Սակայն, հնարավոր է, բանն ամենեւին էլ Ռուսաստանը չէ: Հարավային Կովկասի պետությունները լիովին համոզիչ ու վաղուց ցուցադրել են խոր էգոիզմ, հովանավորյալի ցանկություն, Արեւմուտքի հետ նրա խնդիրները կիսելու ցանկության բացակայություն: Հարավային Կովկասի յուրաքանչյուր պետություն իր ներդրումն է ունեցել տարածաշրջանի հանդեպ անվստահության, կասկածների եւ որպես «համագործակցության պոլիգոնի» բացարձակ անընդունելիության մեջ:
Նման վարքի չեմպիոնը Վրաստանն է, որն ինչ-որ պահի կորցրել է իրականության զգացումը: Վրաստանի հետ այժմ չի կարող լիովին վստահելի երկխոսություն լինել, եւ Արեւմուտքն այժմ արդեն հնարավոր է համարում ներքին մոտիվներով նախաձեռնությունները:
Աբխազական տրանսպորտային ուղղության ապաշրջափակումը, փաստորեն, չի հուզում Արեւմուտքին, սակայն որոշակի առումով դիտարկվում է նախեւառաջ սեփական տնտեսական շահերի տեսակետից: Տարբեր ուղղություններով Հարավային Կովկասի արգելափակումը ոչ միայն անընդունելի է թվում, այլ նաեւ շոկի մեջ է գցում Արեւմտյան հանրությանը, չնայած որոշակի փուլում տվյալ հանգամանքը դիտարկվում է որպես տարբեր կողմերի վրա ճնշման լծակ:
Դրա հետ մեկտեղ, առավել մանրամասն սցենարներ են դիտարկվում (չնայած ավելի հաճախ է ծագում հարցը, իսկ ի՞նչ է նշանակում ներկայում «սցենարների դիտարկում»-ը): Արեւմուտքում ակնհայտորեն նկատել են, որ Աբխազական տրանսպորտային ուղղության ապաշրջափակումը կհանգեցնի շատ հարցերի լուծմանը, որոնք ներկայում սահմանափակում են այդ ազդեցությունը: Տվյալ հանգամանքը, նախեւառաջ, կբերի Վրաստանի ու Հայաստանի տնտեսական խնդիրների լուծմանը, ինչը դարձել է Հարավային Կովկասում Արեւմուտքի թիվ 1 խնդիրը:
Դա նաեւ կհանգեցնի Թուրքիայից տարածաշրջանի կախվածության թուլացմանը եւ կհամահարթի թուրք-ադրբեջանական դաշինքի ծագման սպառնալիքը, վերահսկողության տակ կդնի հյուսիս-արեւմտյան ուղղությամբ իրանական տասնյակ միլիոնավոր տոննա բեռները: Բացի այդ, հնարավորություն է ստեղծվում գոնե մասամբ շահերի ընդհանրության հիման վրա լուծել վրաց-աբխազական վերահսկողության հարցը:
Եվ հնարավոր է ավելի կարեւոր հանգամանք՝ կհաջողվի հաղթահարել սպառնալիքները, որոնք կապված են Հարավային Կովկասի պետությունների հետ Ռուսաստանի առճակատման բնույթի հարաբերությունների հետ: Ընդ որում, Արեւմտյան հանրությունը, չմերժելով անվտանգության ապահովման մասով Ռուսաստանի գործառույթները, բավական նյարդայնանում է միայն մեկ հանգամանքից՝ Հարավային Կովկասում ազդեցության ու ներկայության մենաշնորհի հավակնություններից: Արեւմուտքում շարունակում են զգուշավոր վերաբերվել ՀԱՊԿ ու ամենատարբեր Եվրասիական նախագծերի գործառույթներին եւ դեռ չգիտեն, թե ինչպես ընդհանուր հայտարարի բերեն երկու «բեւեռները», չնայած հետաքրքրությամբ փորձում են սցենարի նման ինչ-որ բան ստեղծել:
Ներկայում Հարավային Կովկասում կառուցողական քաղաքականության առաջատար է համարվում Հայաստանը, հետնապհ՝ Ադրբեջանը, Վրաստանն էլ ֆավորիտի դիրքից հայտնվել է արտաքին քաղաքականության նոր փուլի սպասման դերում: Այդ կապակցությամբ աբխազական ուղղությամբ տրանսպորտային հաղորդակցության բացումը, որպես մինչեւ վերջ չմշակված սցենար, ամեն դեպքում իրական լծակ է թվում նոր, հնարավոր է՝ Արեւմուտքի համար ավելի ընդունելի իրավիճակի ձեռքբերման համար: Ոչ ամերիկացիները, ոչ էլ եվրոպացիները չեն միջամտում այդ խնդրին՝ գերադասելով աշխատել այն իրողության հետ, որը կա կամ կառաջանա:
Հարավային Կովկասի խնդիրն այն է, որ Արեւմտյան հանրությունն այժմ բազմաթիվ սխեմաներ ու իրավիճակի ծավալման տարբերակներ է նախագծում: Առայժմ, թվում է, որ այդ ամենը նույնիսկ վատ չէ, այդ թվում, ներքին քաղաքականության, ամենատարբեր ընտրությունների հարցում, սակայն պետք է հականալ, որ միջազգային հարաբերություննեի մեխանիկան այնպիսին է, որ Արեւմտյան հանրությանը հարկ կլինի միջամտել տարածաշրջանի իրադարձություններին:
Իգոր Մուրադյան