Կրեմլը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանից որոշ լրատվամիջոցների ղեկավարների և պատգամավորների' Հայաստան մուտքի արգելքին, ուրբաթ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Անկեղծ ասած, մենք բացասաբար ենք վերաբերվում դրան։ Հայաստանը մեր մեծ բարեկամն է, դաշնակիցը, ռազմավարական գործընկերը։ Եվ, իհարկե, հարաբերությունների մակարդակն ու բնույթը մեզ պարտավորեցնում են պաշտպանել մեր երկկողմ հարաբերությունները նման դեպքերից»,-ասել է Պեսկովը։ Նա նաև հույս է հայտնել, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները «տեսանելի ապագայում զերծ կլինեն նման դեպքերից»։
Մարտի 7-ին MGIMO-ի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ «Նյուզ Մեդիա» հրատարակչության գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։ Սողոմոնյանը մանրամասնել է, որ Գաբրելյանովը Մոսկվա է վերադարձել հաջորդ չվերթով։