Փակ դռների հետեւում մարտի 31-ին կայացել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրությունը: ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել ՔՊ-ի հովանավորյալ Արմեն Հովհաննիսյանը, որը մինչեւ այդ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր, իսկ դրանից առաջ՝ փոխտնօրենը:
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի համար ի սկզբանե երկու թեկնածու է առաջադրվել. Վարդան Միրզոյանը թեստավորման փուլի 90 տոկոսը չի հաղթահարել, մնացել է մեկ թեկնածու՝ Արմեն Հովհաննիսյանը: Երկրորդ փուլը բանավոր էր, որին ներկա են եղել ԿԳՄՍ փոխնախարարը, Կառավարությունից ներկայացուցիչ, մի քանի ՊՈԱԿ-ներից ներկայացուցիչներ:
Ըստ մամուլի տեղեկությունների՝ նա կրթության նախկին նախարար Արայիկ Հարությունյանի սանիկ, այժմ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի ընկերն է: Այս ՊՈԱԿ-ում, ըստ լրատվամիջոցների, ՔՊ-ականները իրենց ծանոթ-բարեկամներին պաշտոնների են նշանակում, եւ աշխատակիցները, որոնք երկարամյա փորձ ունեն, զրկվում են աշխատանքից, հատկապես եթե ունեն ընդդիմադիր հայացքներ:
Օրինակ՝ Արմեն Հովհաննիսյանի՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո ՊՈԱԿ-ի փոխտնօրեն է նշանակվել պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարազատ եղբայրը՝ Հայկ Դանիելյանը: ՊՈԱԿ-ի ցուցադրությունների եւ միջոցառումների կազմակերպման բաժնում աշխատանքի է անցել Դավիթ Դանիելյանի կնոջ եղբայրը:
Կադրային տեղաշարժեր են տեղի ունեցել նաև ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային ծառայությունում։ Մի քանի ամիսների ընթացքում մարզային ծառայության երեք պետ է փոխվել, երեքն էլ՝ Կապանից, ու դարձյալ Դավիթ Դանիելյանի մտերիմները։ Ներկայիս պետը՝ Շանթ Դավթյանը, մինչ այդ աշխատել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում որպես բանվոր:
Անդրադառնանք ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանի մտերմիներին։ ՊՈԱԿ-ի ղեկավար դառնալուց հետո Արմեն Հովհաննիսյանը տնօրենի արտաքին կապերի գծով խորհրդական է նշանակում իր մորաքրոջ որդուն՝ Դավիթ Դանիելյանին (չշփոթել պատգամավորի հետ), որը իրավաբանական խորհրդատվություն է ապահովում։ Հարկ է նշել, որ խորհրդական Դավիթ Դանիելյանի մայրը՝ Աստղիկ Հակոբյանը, ժամանակին զբաղեցրել է Սյունիքի մարզային ծառայության պետի պաշտոնը։ Վերջինս աշխատանքից ազատվել է ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Թարվերդյանի հետ ունեցած միջադեպի հետևանքով: