Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց Հայաստանի հավաքականի առաջատարներ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ)։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը 1/8 եզրափակիչում մենամարտեց Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Սենդրիկի հետ եւ հաղթեց միավորների առավելությամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ: Բոլոր երեք ռաունդներում մրցավարներն առավելությունը տվեցին հայ բռնցքամարտիկին:

Մայիսի 4-ին աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը նույնպես կմեկնարկի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը կլինի Չինաստանի ներկայացուցիչ Դանաբիեկե Բայկեվուզին։

Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 բռնցքամարտիկով։ Արթուր Ղազարյանը (60 կգ) եւ Համբարձում Հակոբյանը (80 կգ) դուրս են մնացել պայքարից։

60 կգ քաշային կարգում Արթուր Ղազարյանը 1/8-րդ եզրափակիչում պարտվել է Զամբիայի ներկայացուցիչ Էնդրյու Չիլատային։ Ղազարյանը 1/16 եզրափակիչում նոկաուտով հաղթել էր Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նտունգիեբոսեին:

Համբարձում Հակոբյանը (80 կգ) 1/16 եզրափակիչում պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեին:

Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը: 86 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում Հովհաննիսյանը 4:1 հաշվով հաղթել էր Իսրայելի ներկայացուցիչ Յան Զաքին:

Բարեղամ Հարությունյանը (48 կգ) պարտվել է մեկնարկային մենամարտում։ Մրցակիցը կուբացի Ալեխանդրո Կլարոն էր։

Ռինգ դուրս կգան նաեւ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Գուրգեն Մադոյանը (67կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ)։