Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հոր գերեզմանի մոտ հայտնաբերվել է իր որդու դին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 1-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Թաիրով գյուղի գերեզմանատանը տղամարդու դի կա։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի և ավագ քննիչ Զաքարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված գերեզմանատանը հուղարկավորված Գուրգեն Գ․-ի շիրիմի մոտ հայտնաբերել են նրա 41-ամյա որդու՝ Երևանի բնակիչ Խաչատուր Գ․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։