ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը եռօրյա այցով մեկնել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն' մասնակցելու կրթության համաշխարհային համաժողովին:
Կրթության համաշխարհային համաժողովն այս տարի անցկացվում է Ուսուցման մշակույթի զարգացում․ ավելի լավ և կայուն կրթություն ձևավորելու նպատակով ուսուցման մշակույթի զարգացում, ճկունություն, և խթանում խորագրի ներքո և համախմբում է ավելի քան 118 երկրների կրթության ոլորտի ղեկավարների: Յուրաքանչյուր տարի անցկացվող համաժողովում նախարարները, նրանց տեղակալներն ու կրթության համակարգի պատասխանատուներն ամբողջ աշխարհից քննարկում են կրթության հիմնական խնդիրները՝ ներկայացնելով դրանց լուծման հնարավորությունները և ձեռքբերված հաջողությունների մասին փորձը:
ՀՀ ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը համաժողովի «Ի՞նչ քայլեր կարող ենք կամ պետք է ձեռնարկենք կրթության ոլորտում առաջնորդություն զարգացնելու համար՝ յուրաքանչյուր մակարդակում: Ղեկավարության ո՞ր տեսակներն են լավագույնս աշխատում» խորագրով նիստին հանդես կգա ելույթով:
Համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու է, ընդհանուր առմամբ, շուրջ 1000 պատվիրակ:
Համաժողովի շրջանակում ներկայացվելու են ազգային մակարդակներում հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում հիմնական ձեռքբերումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվելու կրթության հիմնական բաղադրիչներին՝ ուսուցման վաղ տարիքից հմտությունների զարգացումը և տեխնոլոգիաների ներդրումը խթանելու նպատակով։
ՀՀ ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում կունենա նաև երկկողմ հանդիպումներ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Դպրոցների հարցերով պետնախարար Նիկ Գիբի (Nick Gibb, Minister of State for Schools) և Դպրոցական համակարգի և ուսանողների ֆինանսավորման նախարար Բարոնուհի Բարանի հետ (Baroness Barran, Minister for the School System and Student Finance):
ԿԳՄՍ նախարարն այցելելու է նաև Միացյալ Թագավորության Բրիտանական թանգարան՝ դիտելու «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի պատմության թանգարանի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի բացառիկ ցուցանմուշները: