Նիդերլանդների Հաագա քաղաքում ապրիլի 16-ին բացվել է Կիբեռտարածքի հարցերով համաշխարհային համաժողովը, որի նպատակն է քննարկել էլեկտրոնային միջոցների կիրառմանն առնչվող հարցերն ու ծագող հնարավորություններին զուգահեռ զարգացող նոր մարտահրավերները և փորձել համագործակցային ուղիներ մշակել դրանց լուծման համար:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, համաժողովին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը' ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ՀՀ ԶՈՒ և Ոստիկանության ներկայացուցիչները:

 

 

Նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի իրականացրած քայլերը կիբերռանցավորության դեմ պայքարում և դիրքորոշումները կիբեռտարածքի զարգացման ապագա սկզբունքների առումով' մասնավորապես նշելով, որ ինքնության վրա հիմնված բռնությունների գործադրման, այդ թվում նաև' ցեղասպանության կամ անցյալում իրականացված ցեղասպանությունների ոճրագործների փառաբանման կոչերը համացանցի միջոցով վերածվում են լուրջ վտանգի միջազգային խաղաղության ու անվտանգության համար:

 

 

Աշոտ Հովակիմյանը մասնավորապես նշել է. «ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր նպատակներն ու սկզբունքները պետք է հավասարապես, իրենց ամբողջությամբ կիրառելի լինեն ինչպես ցանցերից դուրս, այնպես էլ' առցանց: Այս առումով կարևոր է մարդու բոլոր իրավունքները պաշտպանել ամենուր' անկախ այդ տարածքների իրավական կարգավիճակից, ինչպես ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում»: