Բրիտանական BBC հեռարձակող կորպորացիան և այլ միջազգային հեռարձակողներ թույլ չեն տվել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին տեսաուղերձով հանդես գալ «Եվրատեսիլ 2023» երաժշտական մրցույթի եզրափակչում։ Այս մասին գրում է The Times-ը՝ հղում անելով Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU):
Ըստ EBU-ի ներկայացուցչի՝ «սա զվարճանքի միջազգային շոու է», որը գործում է խիստ կանոնների և սկզբունքների շրջանակներում, որոնք հաստատվել են ի սկզբանե: Նրա խոսքով՝ մրցույթի «ապաքաղաքական բնույթը» «դրա հիմնաքարերից մեկն է»։
«Այս սկզբունքն արգելում է մրցույթի ընթացքում քաղաքական կամ նմանատիպ այլ հայտարարությունների հնարավորությունը։ Զելենսկու խնդրանքը՝ դիմելու «Եվրատեսիլ» երգի մրցույթի հանդիսատեսին, բոլոր գովելի մտադրություններով, ցավոք, չի կարող բավարարվել, քանի որ դա հակասում է միջոցառման կանոններին»,- ասել է EBU ներկայացուցիչը։
Հրատարակությունը նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ուկրաինական պետության ղեկավարին զրկում են խոշոր մշակութային կամ սպորտային միջոցառումների ժամանակ տեսաուղերձով հանդես գալու հնարավորությունից։ Օրինակ, մարտին «Օսկար» կինոմրցանակաբաշխության կազմակերպիչները երկրորդ տարին անընդմեջ թույլ չտվեցին Զելենսկիին ելույթ ունենալ մրցանակաբաշխության հանդիսատեսի և հյուրերի առաջ։
«Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին՝ Անգլիայի Լիվերպուլ քաղաքի M&S Bank Arena-ում։ Եզրափակչին կմասնակցի 26 երկիր:
Ինչպես հայտնի է, Ռուսաստանը չի մասնակցում «Եվրատեսիլ 2023»-ին։