«Այն երկրները, որոնց ռազմաքաղաքական ղեկավարությունը գնահատում է, որ վաղ թե ուշ իրենց երկիրը լուրջ ռազմական բախման մեջ է մտնելու, իրենք պետական գաղափարախոսություն են նստեցնում իրենց պետության ներսում, ապա պատերազմում առավել պատրաստված են' ֆիզիկապես և մասնագիտորեն»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԱՄՆ՝ տնտեսության, գյուղատնտեսության և ռազմական կրթության ոլորտներում համագործակցությանը։
Խոսքը հունիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լաուրա Քելլիի և Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վերներդի հետ քննարկմանն է վերաբերում, որտեղ տնտեսության, գյուղատնտեսության և ռազմական կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր են առաջ քաշվել։
Նահապետյանի կարծիքով ԱՄՆ-ն այս տարածաշրջանում լրջագույն շահեր ունի և այդ շահերի սպասարկումը տարբեր ոլորտներում է' նաև ռազմական, ռազմակրթական, որը այս պահին փորձ է արվում առավել սերտացնել։ Նահապետյանի խոսքով' ԱՄՆ-ն ձգտում է իրեն տրված հնարավորությունների սահմաններում առավելագույնս ավելացնել կապերը Հայաստանի հետ։
«Ադրբեջանը և Թուրքիան խնդիր ունեն այս տարածաշրջանում հայ էթնոսից ընդհանրապես ազատվելու. երկրի ամբողջ բնակչությանը դպրոցական տարիներից պետք է պատրաստել երկրի ինքնապաշտպանությանը։ Այդ ամենը պետք է ամրագրվի նաև իրավական ակտերում, պետությունը պետք է ունենա գաղափարախոսություն։
Հայաստանը չի կարող ունենալ պետական գաղափարախոսություն, որովհետև մեզ մոտ նշված է բազմակարծություն, այսինքն' որևիցե գաղափարախոսություն չի կարող դոմինանտ լինել․ իրավական առումով սա մեր հնարավորությունները սահմանափակում է»,-նշեց նա ու հավելեց, որ Խորհրդային միությունը ուներ սահմանադրության մեջ ամրագրված գաղափարախոսություն, որ մեկ բառով կոչվում էր հայրենասիրություն, և բոլոր պետական կառույցները միտված էին այդ գաղափարախոսությունը կյանքի կոչելուն։