Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հունիսի վերջին և հուլիսի սկզբին այցելել են Ադրբեջանում կալանավորված բոլոր հայ ռազմագերիներին, այդ թվում վերջերս ձերբակալված 2 զինծառայողներին։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց որ, եղել է հերթական տեսակցությունը բոլոր նրանց հետ, որոնց անունները հաստատել է Ադրբեջանի իշխանությունը, իսկ արդեն՝ ինչ վիճակում են նրանք գտնվում, ինչ կարիքներ ունեն, այս ամենը իրենք չեն հրապարակում, այլ քննարկում են իշխանությունների հետ՝ ըստ ընթացակարգերի։

«Պահվող անձանց և իրենց հարազատների միջև տարբեր կապի միջոցներ են կիրառվել։ Բացի այն երկու անձանցից, որոնք ձերբակալվել են վերջերս, մնացածների դեպքում, բացի Կարմիր խաչի նամակներից, հնարավորություն են ունեցել կատարել հեռախոսազանգ և փոխանակվել ընտանիքների հետ տեսագրված ուղերձներով, վերջին երկու զինծառայողները միայն օգտվել են Կարմիր խաչի նամակների հնարավորությունից»,-ասաց Ամատունին և հավելեց, որ Կարմիր խաչի նամակների հնարավորությունը ամրագրված է ժնևի կոնվենցիայով, իսկ մնացած կապի միջոցները համաձայնեցվում են իշխանությունների հետ։

Այն հարցին, թե իշխանությունը ինչ քայլեր է ձեռնարկում ռազմագերինների վերադարձի վերաբերյալ, Ամատունին պատասխանեց` այդ հարցի հասցեատերը իշխանություններն են, ինքը իրավասու չէ իրենց անունից որևիցե բան ասել։

Զրուցակիցը նշեց` Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իրավասություններ չունի ոչ միայն ընդգրկվել, այլ որևէ կապ ունենալ դատավարությունների հետ։

«Մենք կատարում ենք մեր աշխատանքը, որը սահմանված է միջազգային մարդասիրական իրավունքով և դրանից դուրս այլ գործողություններում ներգրավվածություն չունենք»,-նշեց նա։

 

Լիլիթ Զալիբեկյան