«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժումը դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, ՅՈՒՆԻՍԵՖ-ին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը՝ դեպի Արցախի մարդասիրական օդային միջանցք բացելու խնդրանքով, եթե հնարավոր չէ այս պահին բացել Լաչինի միջանցքը։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում փորձագետ Մհեր Հակոբյանը նշեց, որ օդային միջանցք բացել տեսականորեն հնարավոր է, ավելին, դրա համար կան բոլոր ենթակառուցվածքները, բայց, այստեղ խնդիրը քաղաքական է և Ադրբեջանը չի շրջափակել Արցախը, որ հիմա էլ թույլ տա օդային միջանցք բացել․
«Եթե աշխարհի ուժեղները կոնսենսուսի գան կամ գոնե իրենցից մեկը գործի, մյուսը՝ չխանգարի՝ օդային միջանցք կբացվի և նույնիսկ Բաքուն ծպտուն էլ չի հանի, բայց այստեղ շատ մեծ հարց կա․ աշխարհի ուժեղները պետք է շահագրգռված լինեն մեր օգտին խաղալ, իսկ իրենք արդյոք շահագրգռված են»,-ասաց Հակոբյանը և հավելեց, որ եթե ԱՄՆ-ն ուզի՝ մատի մեկ շարժումով կլուծի Արցախի խնդիրը։
Ըստ նրա՝ մենք պետք է մեր խնդիրները լուծենք և խնդիր ստեղծենք Ադրբեջանի համար, պետք է Ադրբեջանի կյանքը այնքան բարդացնենք որպեսզի ինքը ստիպված լինի կոմպրոմիսի գնալ, բայց, մենք ոչինչ չենք անում․
«Պաշտոնական Երևանը շատ զգույշ է․ ով մեկ ավելորդ ձայն է հանում՝ մեղադրում են պատերազմ հրահրելու մտադրության մեջ, պլյուս, երկիրն էլ պատերազմի պատրաստ չէ և ոչինչ չի արվում պատրաստվելու համար։
Երբ Ադրբեջանը հասկանա, որ իրա վրա լուրջ կոալիցիա կա և իրեն կստիպեն ինչ-որ բան անել՝ շատ արագ կնահանջի, բայց Ադրբեջանը խաղում է տարբեր շահերի, հետաքրքրությունների վրա, որը առկա է միջազգային խաղացողների մոտ, մանավանդ՝ ուկրաինական բարդ պատերազմի ֆոնին։
Ասեմ, որ Ադրբեջանն էլ է դանակի ծայրի վրա և կարող է դա էլ իրեն հաջողություն չբերի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։