«Հայաստանի իշխանությունը Արևմուտքի հետ միասին անում է ամեն ինչ ռուս խաղաղապահներին տարածաշրջանից վտարելու համար, ավելին երբ մենք նայում ենք անվտանգության խորհրդի քարտուղարի, Նիկոլ Փաշինյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, իրենք խոսում են միջազգային մանդատ ունեցող արևմտյան ինչ-որ անհասկանալի կոնտինգենտի մասին, որը պիտի գա և տեղակայվի Հայաստանում։ Եթե անգամ Հայաստանը պայմանավորված լինելով Արցախի իշխանության հետ, գալչկայի համար դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ես ավելի քան վստահ եմ, որ տվյալ դեպքում ՄԱԿ-ի անդամ երկրներից թե՛ Ֆրանսիան, թե՛ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան տեղում վետո կդնեն հայկական կողմի առաջարկին»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն և Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը' անդրադառնալով Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստի ընթացքում Արցախի ԱԺ պատգամավոր Մարսել Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Արցախի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը ՀՀ-ին կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Արցախում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար' դիմելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ու գլխավոր ասամբլեային։
«Ես կարծում եմ, որ ռուս խաղաղապահները հնարավորինս երկար և անժամկետ պետք է մնան ռեգիոնում, որովհետև ռուս խաղաղապահներին փոխարինելու այլընտրանքը լինելու է ժամերի ընթացքում Արցախի էթնիկ զտումը, ցեղասպանությունը, այս ռեգիոնում թուրքական զինուժի տեղակայումը, բայց ռուս խաղաղապահները այսօր անգամ չեն կատարում իրենց սահմանափակ մանդատի պարտականությունները: Որևէ մեկը ինձ չի կարող համոզել, որ Ռուսաստանը շատ ուզենա Լաչինի միջանցքը բացել չի կարողանա: Ես հասկանում եմ, որ Ռուսաստանը այսօր Արևմուտքի հետ իր լայնամաշտաբ պատերազմով կաշկանդված է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ որևէ գործողություն անել, բայց այսօր մանդատը, որ իրենք ունեն անգամ դա չեն կատարում»,- ասաց նա։
Զոհրաբյանի խոսքով'ստեղծված իրավիճակի մեղավորը մեկ մարդ է. «Արցախի իշխանությունները, որ տաբուրետկան առել Վերածննդի հրապարակում նստել են, այն պետք է վերցնեն և գնան նստեն Նիկոլ Փաշինյանի դռանը, որովհետև այս ամենի պատասխանատուն և մեղավորը մեկ մարդ է, որի անունը Նիկոլ Փաշինյան է»:
Ըստ նրա՝ դեսպանատների դիմաց ցույցերը բացարձակապես անիմաստ են, որովհետև այդ կառույցները հղում են անում Նիկոլ Փաշինյանին. «Փաշինյանը Արցախը դարձրել է Ադրբեջանի ներքին հարց, ուստի միջազգային բոլոր կառույցները այդ թվում ՄԱԿ-ը ըստ էության հրաժարվում է զբաղվել Ադրբեջանի ներքին խնդիրներերով: Ալիևն էլ ասում է, որ որևէ մեկը այդ թվում միջազգային որևէ կառույց իրավունք չունի խառնվել իմ երկրի ներքին խնդիրներին, եթե անգամ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը: