Փաստաբան Վահե Գրիգորյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում, անդրադառնալով Երեւանի նոր ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի նշանակմանը, հիշատակել է նրան ընդդիմադիր ակտիվիստ Գրիշա Վիրաբյանի գործով, որը հասել է մինչեւ Մարդու իրավունքի Եվրոպական դատարան: Վիրաբյանը շահել էր գործը:
«Երեւանի նոր ոստիկանապետի նշանակման առիթով.
17. Դիմողը հայտնում է նաեւ, որ ... այն բանից հետո, երբ նրանք [դիմողին ծեծի ենթարկող երկու ոստիկաններ] լքեցին սենյակը [ոստիկանության տարածքում], մեկ այլ ոստիկան, Ա. Կ.-ը մտավ սենյակ եւ սկսեց մետաղյա առարկայով իրեն հարվածել ձվարանների շրջանում: Այնուհետեւ իր ձեռքերը ձեռնաշղթաներով կապվեցին, իսկ ոստիկան Ա. Կ.-ը շարունակում էր ձեռքերով եւ ոտքերով հարվածել իր [դիմողի] գոտկատեղից ներքեւ հատվածին, որից նա կորցրեց գիտակցությունը:
...
36. Իր 25/04/2004թ.-ի ցուցմունքում դիմողը քննիչին հիվանդանոցում (ստացված վնասվածքների արդյունքում դիմողը ծանր վիրահատություններ էր տարել) հայտնել էր. «... [դիմողին տեւական ժամանակ շարունակական խոշտանգումների ենթարկելուց հետո] որոշ ժամանակ անց [որոշ ոստիկաններ] դուրս եկան սենյակից եւ ներս մտավ Ա.Կ.-ն (ես նրա անունն իմացա դեպքերից հետո այլ ոստիկաններից) եւ սկսեց ինձ հայհոյել՝ նպատակ ունենալով ինձ ստորացնել, երկու անգամ թքեց իմ վրա եւ ձեռքով հարվածեց ձվարաններիս: Այնուհետեւ նա մի քանի անգամ հարվածեց ոտնաթաթերիս, որից հետո դուրս եկավ: Գնալուց առաջ նա բանալիներով կրկին հարվածեց ձվարաններիս: Մինչ ինձ ծեծելը, նա հրամայել էր բոլորին դուրս գալ սենյակից՝ ասելով, որ բռնանալու է իմ նկատմամբ: [խոշտանգումները նույն դաժանությամբ շարունակվել են] …»
...
38. 27/04/2004թ.-ին դիմողը կրկին հարցաքննվել էր քննիչի կողմից: Ի պատասխան այն հարցին, թե ինչ խոսակցություն էր ունեցել [Արտաշատի] ոստիկանության բաժնում, նա հայտնել էր, որ … միակ բանը, որ իրեն հարցնում էին այն էր, թե ինչու էր նա մասնակցում ցույցերին եւ իր հետ տանում այլոց: ... Իրեն ծեծելիս Ա.Կ.-ն իրեն հարցնում էր, թե որ ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարներն էին իր հետեւում կանգնած: Նաեւ հայտնել էր, որ իր Ա.Կ.-ն հրամայել էր իր ձեռքերը շղթայել եւ այդ վիճակում շարունակել էր ծեծը:”
Ա.Կ.=Երեւանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյան
Մարդու իրավունքների եւրոպական դատարան
Վճիռ թիվ 40094/05 գործով
02/10/2012թ., Ստրասբուրգ
Virabyan v. Armenia», մեջբերում է Վահե Գրիգորյանը Վիրաբյանի գործը:
Ինչպես հայտնի է, ոստիկանապետ Վովա Գասպարյանը Աշոտ Կարապետյանին Երեւանի ոստիկանապետ է նշանակել Ներսիկ Նազարյանի փոխարեն: Մինչ այդ, Կարապետյանը զբաղեցնում էր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը:
Փաստորեն, ոստիկանությունից «խաղաղության աղավնու» իմիջ ստանալ փորձող Վովա Գասպարյանը Երեւանի ոստիկանապետ է նշանակում մարդու, ով «պատմության» մեջ է մտել իր կատարած բռնություններով:
Միեւնույն ժամանակ, նաեւ հասկանալի է, թե ինչու հենց նման նշանակում: Բանն այն է, որ Աշոտ Կարապետյանի գլխին փաստորեն նրա կատարած «քաջագործությունները» կախված են Դամոկլեսյան սրի նման, ինչը նշանակում է, որ Կարապետյանը լիովին վերահսկելի անձնավորություն է եւ անվերապահորեն ենթակա կլինի Վովա Գասպարյանին, որին էլ Երեւանի ոստիկանապետի պաշտոնում, հատկապես Ներսես Նազարյանից հետո, պետք է հենց այդպիսի անձնավորություն: