ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետ Աշոտ Կարապետյանը պնդում է, որ ոչ ոքի ծեծի չի ենթարկել, այլապես այս պահին ոչ թե ոստիկանության համակարգում կլիներ, այլ համապատասխան վայրում: Այս և այլ հարցերի շուրջ eMedia.am-ը զրուցել է Աշոտ Կարապետյանի հետ:
-Պարոն Կարապետյան, Ձեր նշանակվելուց ժամեր անց սոցիալական ցանցերում լուրեր էին տարածվում այն մասին, որ Դուք տարիներ առաջ քաղաքացիներին խոշտանգել եք, բռնությունների եք դիմել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսակցությունները:
-Իմ աշխատանքային գործունեության ժամանակ ես ոչ ոքի ծեծի չեմ ենթարկել, եթե ես նման բան արած լինեի համապատասխան մարմինները կզբաղվեին դրանով: Դրանք անհեթեթ լուրեր են, որոնք շահարկման առարկա են դարձրել:
-Այսինքն այս լուրերը Ձեր նշանակվելուց հետո՞ են շահարկում:
-Նաև այդ վարկածով: Չէ՞ որ եթե իմ արարքների մեջ հանցակազմ լիներ, ես չէի կարող աշխատեի ոստիկանության համակարգում, ներկայումս Երևան քաղաքի վարչության պետ, նախկինում քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ և այդպես շարունակ:
-Պարոն Կարապետյան, ի՞նչ ծրագրերով եք պատրաստվում ղեկավարել Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը, ի՞նչ ծրագրեր կան:
-ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը տվել է համապատասխան հանձնարարականներ: Ես այդտեղ առաքելության եմ գնալու, իր հանձնարարականները կատարելու, ոստիկանությունը վերադարձնելու ոստիկաններին, Երևանում ոստիկանության դերը բարձրացնելու և իհարկե օրենքի գեր պաշտպանությունը ապահովելու համար:
-Ի՞նչ չի արել ձեր նախորդը, որ պետք է անեք դուք:
-Ես նման նկատառում չեմ կարող անել, քանի որ դեռ իմ կաբինետ չեմ մտել, սակայն չեմ կարծում, որ ինչ-որ բան չի արել, որովհետև եթե արած չլիներ, վաղուց պաշտոնանկ կլիներ:
-Պարոն Կարապետյան, կադրային ջարդերի սպասե՞նք:
-Այնտեղ գնում եմ, ոչ թե կադրային ջարդով, այլ գնում եմ առաքելությամբ, որ բարձր պահվի ոստիկանի պատիվը: Այն ոստիկանը, որը կկատարի իր առջև դրված խնդիրը, կխնդրեմ ոստիկանապետին, որ խրախուսվի:
-Պարոն Կարապետյան, որքա՞ն ժամանակ է, որ ոստիկանության համակարգում եք:
-Մի քանի ամսից կլրանա ուղիղ 20 տարին, որ ոստիկանության համակարգում եմ:
Նշենք, որ մինչ Երևանի ոստիկանապետ նշանակվելը, ՀՀ ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը զբաղեցնում էր ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը, իսկ դրանից առաջ ՀՀ ոստիկանության, Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնի պետի պաշտոնը: