«Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ իր մի քանի ենթականերով հանդերձ, կարելի է ասել, Մարտի 1-ի դեպքերի ամենաակտիվ մասնակիցներից են եղել։ Սակայն նա հատուկ աչքի է ընկել այն ժամանակ, երբ հանուն ավազակապետության' համաձայնել է գործ սարքել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ հետախուզության գծով պետի տեղակալ Արմեն Նիկողոսյանի դեմ»,-այս գնահատականները հրապարակախոս ակտիվիստ Զառա Հովհաննիսյանինն են, ով ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ ցանկացած ակտիվիստ շատ լավ գիտի նրա՝ նոր ոստիկանապետի գործողությունների մասին, ով իր հավատարմությունը համակարգին հաստատելու համար հենց զոհաբերել է իր գործընկերոջը՝ Արմեն Նիկողոսյանին:
«Հիշեցնենք, որ Նիկողոսյանը քրեական հետապնդման ենթարկվեց Մարտի 1-ի օպերացիայի մասին նախապես ընդդիմության ներկայացուցիչներին հայտնելու համար։ Միամտություն է կարծել, որ Մարտի 1-ի առավոտյան նախապատրաստվող ջարդի մասին այլ ահազանգողներ չեն եղել, ասենք, գրոհից մի քանի ժամ առաջ։ Ավելին, Մարտի 1-ի դեպքերից մոտ մեկ ամիս անց հայտնի դարձավ, որ ոստիկանության Երևանի բաժինների պետերից պահանջվել է, այսպես կոչված, քավության նոխազներ տրամադրել, որոնք գործնականում պետք է դատապարտվեին ընդդիմության գործիչների հետ կապեր ունենալու համար։ Սակայն Աշոտ Կարապետյանն այն եզակի ոստիկանապետն է եղել, ով համաձայնել է իր տեղակալի դեմ գործ սարքելուն և նրան «հանձնելուն»»:
Ներկա նոր ոստիկանապետը մշտապես ղեկավարել է ակտիվիստներին ճնշելու, նրանց խաղաղ գործողությունները ցրելու ոստիկանական ակցիաները:
«Ես շատ լավ հիշում եմ. ՀԱԿ ակտիվիստի հետ կապված խնդիրներ էին առաջացել Կենտրոնում: Նրանք թռուցիկներ էին բաժանում, և այդ ճնշման օպերացիան անձամբ ղեկավարել էր հենց ներկայիս ոստիկանապետը: Ամեն անգամ, երբ լինում է ինչ-որ փոփոխություն ոստիկանական բուրգում, ես մտածում եմ, որ ավելի քաղաքակիրթ, նորմալ պատկերացում ունեցող մարդ կարող է լինի: Բայց ամեն անգամ կադրային ներկապնակը էլ ավելի թանրձրանում է, և ականատես ենք լինում էլ ավելի քստմնելի նշանակման:
Կանխատեսելի էր, որ ընտրություններից հետո տեղի էր ունենալու կադրային փոփոխություն՝ երիտասարդացում: Բայց որակի փոփոխություն չի եղել»:
Զառա Հովհաննիսյանը կարծում է, որ ինչպես ուժային կառույցներում բոլորը, այնպես էլ Երևանի նորանշանակ ոստիկանապետը մշտապես սպասարկել են իշխանությանը, ծառայել մասնավոր շահին:
Ոստիկանության գործողությունները մշտապես ուղղված են եղել իշխանությունը զավթած մի վարչախմբի շահերը սպասարկելուն, բայց ես կմաղթեմ, որ մաքրվեն այդ պատկերացումներից և գործեն օրենքի սահմաններում և ոչ թե ինչ-որ մեկի շահը սպասարկեն: Հասկանան, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և իրենք ծառայելու են միայն օրենքին:
Քրիստինա Մկրտչյան