Սեպտեմբերի 25-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և Ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Ամբերդ» ամրոցի մոտ սպանություն է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ճանապարհը «Ամբերդ» ամրոցից դեպի սպանության վայր մոտ 4 կմ-անոց հատված էր, որտեղ հասնելու համար իրավապահները մեծ դժվարությամբ են անցել, մոտ 1 կմ-անոց հատված էլ անցել են ոտքով:
Արդեն տեղում՝ որպես արոտավայր օգտագործվող տարածքում տեղադրված պոլիէթիլենային սավաններով պատրաստված տնակում տեղադրված մահճակալին, գլխի մասը ամբողջովին ջնջխված, հայտնաբերել են տղամարդու դի:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 58-ամյա Արթուր Թ.-ն է:
Ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներով սպանությունը կատարելու համար ծագած հիմնավոր կասկածանքով Օրգով գյուղի սարերից մեկում հայտնաբերել են կասկածյալին՝ Կոտայքի մարզի բնակիչ 57-ամյա Վարուժան Գ.-ին:
Դեպքի վայրում քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք որսորդական հրացանը և կրակված 1 պարկուճ՝ վրանի մեջ, իսկ 1 պարկուճն էլ հայտնաբերվում է հրացանի մեջ:
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կասկածյալը ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Դին գյուղացիների և փրկարարների օգնությամբ որոշ հատվածներ ոտքով մոտեցվել է օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի դիատարին:
Թե ի՞նչն է եղել սպանության պատճառը՝ նախաքննության շահերից ելնելով չենք հայտնում։