Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը Բելգորոդի մարզի երկնքում ոչնչացրել են 12 հրթիռ, գերատեսչությունը նշում է, որ հարձակումն իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը՝ արձակելով մարտավարական հրթիռային համալիրի 6 «Տոչկա-Ու» և համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 6 «Օլխա» հրթիռ։
Միևնույն ժամանակ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ հունվարի 3-ի առավոտյան Բելգորոդ քաղաքում արձանագրվել է 2 գնդակոծություն։
«Բելգորոդում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Առավոտից երկու գնդակոծություն է տեղի ունեցել։ Աշխատել են ՀՕՊ համակարգերը», - նշել է Գլադկովը։
Նահանգապետը Telegram-ի իր ալիքում նաև հայտնել է, որ դեկտեմբերի 30-ին ուկրաինական հարձակման հետևանքով վիրավորվածներից 70-ը դեռ մնում են հիվանդանոցներում։
ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 30-ին Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել էին Բելգորոդի կենտրոնը՝ օգտագործելով կասետային զինամթերքով երկու հրթիռ և չեխական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արկեր։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 25 մարդ, այդ թվում՝ 5 երեխա, ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Վնասվել են տասնյակ բնակելի շենքեր և քաղաքացիական օբյեկտներ։
Իր հերթին «Ուկրաինսկայա պռավդա» պարբերականը հաղորդում է, որ հունվարի 2-ին ռուսական կողմը «Շահիդ» անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև թևավոր և գերձայնային հրթիռներով հարվածել է Ուկրաինայի խոշոր քաղաքներին, հիմնական թիրախում է եղել Կիևը։ Ռուսական հարվածների հետևանքով 5 մարդ է զոհվել, շուրջ 130 մարդ՝ վիրավորվել։