Բելառուսը և նրա ժողովուրդը երբեք այնքան լավ պաշտպանված չեն եղել, որքան հիմա: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելգիական ձեռնարկության աշխատակիցների հետ զրույցի ժամանակ, փոխանցում է BelTA-ն։

Նրա խոսքով, խաղաղությունը թանկ է, և «դրա համար պետք է վճարել»։ Բայց Բելառուսի բնակիչները չպետք է անհանգստանան անվտանգության համար: «Համակարգը կառուցված է, կան զինված ուժեր, մոբիլիզացիոն ռեզերվ, տարածքային պաշտպանություն, ժողովրդական միլիցիա։ Ամեն ինչ արված է։ Այս փուլում ամեն ինչ բավական է»,- ասել է նա։

Ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել էր, որ հանրապետությունը պատրաստ է ռազմական ոլորտում համագործակցել ցանկացած երկրի, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Միաժամանակ, նա կարծիք է հայտնել, որ բելառուսական նոր ռազմական դոկտրինը կարող է հիմք դառնալ Եվրոպայում իրավիճակի հանգուցալուծման և խաղաղ երկխոսություն սկսելու համար։