ՊԱԿ աշխատակիցները հունվարի 23-ին նախկին քաղբանտարկյալների եւ քաղաքական հոդվածներով դատապարտված մարդկանց ազգականների զանգվածային խուզարկություններ են կատարել ամբողջ Բելառուսում, տեղեկացրել է «Вясна» իրավապաշտպան նախագիծը։
Իրավապաշտպանների հավաստիացմամբ՝ իրենց հայտնի են առնվազն 73 մարդկանց անունները, որոնց այսօր խուզարկել կամ բռնել են։ Նշվել է, որ որոշ դեպքերում մարդկանց բռնում էին ամբողջ ընտանիքով։ Ինչպես գրել է «Медиазона. Беларусь»-ը, ձերբակալվածների մեջ են քաղբանտարկյալ եւ երկրի նախագահի նախկին թեկնածու Նիկոլայ Ստատկեւիչի կինը՝ Մարինա Ադամովիչը, եւ վիտեբսկցի 76-ամյա ակտիվիստ Բորիս Խամայդան։
«Зеркало» պարբերականի աղբյուրը նշել է, որ հունվարի 23-ին խուզարկվածների մեջ եղել են մարդիկ, որոնք փակ չաթերից մեկի մասնակիցներ են, որտեղ քաղբանտարկյալների հարազատները քննարկել են կենցաղային հարցեր։ Լրագրողների զրուցակցի խոսքով՝ հատկապես հետաքրքրվել են նրանցով, ովքեր չաթում գրել են BYSOL-ի օգնության մասին։
Խուզարկությունների մասին որոշումներում կան քրեական հոդվածներ «ծայրահեղական գործունեության ֆինանսավորման» եւ «ծայրահեղական կազմավորումներին մասնակցության» մասին։ «Вясна»-ի եւ «Зеркало»-ի տվյալներով՝ ՊԱԿ աշխատակիցները բռնվածներից ոմանց ուղիղ ասել են, որ խուզարկությունները կապված են INeedHelpBY նախաձեռնության հետ։ Այդ նախագիծը սննդամթերքով օգնում է քաղաքական բռնաճնշումներից տուժած եւ ծանր ֆինանսական դրության մեջ հայտնված բելառուսներին։ Հունվարի 16-ին ՊԱԿ-ը այդ նախաձեռնությունը հայտարարել է «ծայրահեղական»։