Թուրքիայի հինգ նահանգներում այսպես կոչված «զուգահեռ պետության» գործի հետաքննության շրջանակում ձերբակալվել են Ներքին գործերի նախարարության 12 աշխատակիցներ, այդ թվում' բարձրաստիճան սպաներ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Ոստիկաններին մեղադրել են հանցագործ կազմակերպություն ստեղծելու, հեռախոսային խոսակցությունների ապօրինի լսումների, անձնական կյանքի անձեռնմխելությունը խախտելու, կեղծ փաստաթղեր պատրաստելու մեջ:
Ավելի վաղ «զուգահեռ պետության» գործով գործողությունների ընթացքում ձերբակալվել էին հարյուրավոր մարդիկ, այդ թվում' ոստիկանության բարձրաստիճան սպաներ, լրագրողներ, գիտատեխնոլոգիական հետազոտական խորհրդի եւ Թուրքիայի հեռահաղորդակցական դեպարտամենտի աշխատակիցներ:
2013 թվականի դեկտեմբերի կեսերին այդ երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո, որով բացահայտվել էին թուրքական կառավարության անդամների, այդ թվում' այն ժամանակ Թուրքիայի վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ:
Իրավապահ եւ դատական համակարգերը գյուլենականներից «մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս: